Ո՞վ կհաղթի Արցախի նախագահական ընտրություններում. Ահարոն Ադիբեկյանի կենտրոնի հարցումը

Արցախի նախագահական ընտրությունների նախաշեմին  Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել: Նախնական տվյալներով՝ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ըստ հարցման արդյունքների՝ նրանց կեսից ավելին արդեն որոշել է, թե ում է ընտրելու, մնացածը դեռ մտորումների մեջ են:

«Այսօրվա վիճակով առաջատարը Արայիկ Հարությունյանն է, նա երկու անգամ գերազանցում է Մասիս Մայիլյանին: Մայիլյանը  3 անգամ գերազանցում է Վիտալի Բալասանյանին, նա էլ երկու անգամ գերազանցում է Աշոտ Ղուլյանին»,- ասաց Ադիբեկյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արցախցիների նման ընտրությունը, սոցիոլոգը պատասխանեց.

«Բոլորը նշում են սոցիալական խնդիրները, ոչ ոք չի նշում ռազմական խնդիրները,  պաշտպանության խնդիրը: Բալասանյանն էլ տնտեսական հարցերով է խոսում: Պաշտպանության հարցերը արցախցիների համար կարծես լուծված են՝ ունենք բանակ, մենք պաշտպանված ենք, սահմաններն ամուր են»:

Թե կոնկրետ ով 50+1 տոկոս ձայն կհավաքի, Ահարոնյանը դեռ դժվարանում է ասել, պնդում է՝ տատանվողների խնդիր կա, հատուկ  վիճակագրական ծրագրով կորոշեն ու կներկայացնեն հանրությանը: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հնարավոր ազդեցությանն Արցախի նախագահական ընտրություններում, սոցիոլոգը ասում է՝ նման հարց  ունեն իրենց հարցաշարում.

«Հենց տվյալները վերջնական լինեն, կներկայացնենք: Բոլոր դեպքերում արցախցիներն աշխատում են իրենց խելքով գործել, իրենց խելքով ապրել»:

Տեսանյութեր

Լրահոս