Հունաստանի նախագահի աշխատավարձը կիսով չափ կրճատում են
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի աշխատավարձը կրկնակի չափով կրճատվել է։ Ընդ որում, նախագահն ինքն է դիմել ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով նվազեցնել իր աշխատավարձը։
Ինչպես հաղորդում է հունական «Սկայ» հեռուստաալիքը, երկրի ղեկավարը առաջարկել է նաև կրճատել բոլոր նախկին նախագահների թոշակները, ինչը, ֆինանսների նախարարության գնահատականներով, թույլ կտա խնայել տարեկան 350 հազար եվրո։ Նախագահի աշխատավարձը ամսական 23 հազար եվրոյից կիջնի 11.5 հազար եվրոյի։
Հիշեցնենք, որ փետրվար ամսին Հունաստանի նախագահն ընդհանրապես հրաժարվել էր իր այդ ամսվա աշխատավարձից՝ ճգնաժամի ժամանակ իր երկրին քաջալերելու համար։
Ի դեպ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավարձը շուրջ 1000 դոլար է։ Այնպես որ, անգամ 2009-ին ավելորդ կլիներ աշխատավարձը կրճատել, քանի որ, եթե դիտարկենք համեմատության մեջ, ապա այն ի սկզբանը խորը ճգնաժամային է։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի նախագահի ամսական աշխատավարձը 9000 դոլար է, իսկ Ադրբեջանի նախագահինը մոտենում է 19 հազար դոլարի։