«Երբ ինչ-որ մեկը նի կտո է և ուզում է դա վիճարկել և սևացնել մեր անցած ճանապարհը, բնականաբար, չի ստացվելու». Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին:

Նշենք, որ այսօր Գևորգ Պապոյանի ելույթը կապված էր Էդմոն Մարուքյանի երեկ խորհրդարանում հնչեցրած ռեպլիկի հետ, թե նա հանրապետական է եղել:
«Ես Գևորգ Պապոյանին պատասխանելու որևէ բան չունեմ, քանի որ մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր է, ԱԺ ամբիոնից անընդհատ, հա Էդմոն Մարուքյան ասելով՝ այդ մարդիկ փորձ են անում դառնալ հայտնի: Եթե դա հայտնի դառնալու ճանապարհ է, պրոբլեմ չկա, թող դառնան: Ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության մթնոլորտը, որն այսօրվա իշխանությունը ձևավորել է և ամենօրյա ռեժիմով սնուցում է, ընդ որում՝ ասում է, թե մենք չենք անում, եսիմ ով է անում, ամբողջն իրենք են անում և դրա համար պատասխան են տալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, չպետք է խորհրդարանը դարձնեն Ֆեյսբուք, քանի որ, եթե այնտեղ ինչ-որ մեկը բան է գրում, հաջորդ օրն ԱԺ ամբիոնից այդ գրառմանն անդրադառնում են, ինչը Մարուքյանի կարծիքով՝ խորհրդարանն անլրջացնելու վերջին տարբերակն է՝ այլ տարբերակ չկա:

«Երեկ խորհրդարանում քննարկում չի եղել, այլ ռեպլիկ, Գևորգ Պապոյանը եկել,  ռեպլիկին պատասխանում է ԱԺ ամբիոնից, ռեպլիկն էլ եղել է այն մասին, որ ինքը եղել է ՀՀԿ-ական: Հիմա գնացեք նրան հարցեր տվել, եկել եք «Լուսավոր Հայաստանի» մոտ ինտերվյու եք վերցնում, որ ի՞նչ անեք: Հիշեցնում է Վիկտոր Դալլաքյանին հաղթելը, որը Հայաստանում եղել է ցնցող դեպք, որով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Գնացեք Վանաձոր ու հարցրեք, թե ինչպես է հաղթել Էդմոն Մարուքյանը: Պարզ է, եթե ես լինեի նի կտո՝ չէի հաղթի: Բայց այսօր, երբ ինչ-որ մեկը նի կտո է և ուզում է դա վիճարկել և սևացնել մեր անցած ճանապարհը, բնականաբար, չի ստացվելու»,- հավելեց նա:

Մարուքյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս ամենը ատելության քարոզի դաշտում է, որտեղ իշխանությունն այդ քարոզի թիվ մեկ «ռուպրն» է՝ իր պատգամավորներով, աջակիցներով:

Նա հիշեցրեց օրերս Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունը, որտեղ մի քանի հոգի իրականացրել էին «Ոչ»-ի «հուղարկավորություն», ինչը նույնպես ատելության քարոզ է:
«Գևորգ Պապոյանը փոխանակ հպարտանա, որ հանրապետական է եղել, որովհետև հպարտ ՀՀԿ-ական է եղել, մեզ մեղադրում ենք նախկիններին աջակցելու մեջ, թող իրենց միջի նախկիններին գտնեն»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս