Բաժիններ՝

Աֆղանստանում 20-ից ավելի ուժայիններ են զոհվել թալիբների գրոհի հետևանքով

Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան 20 ծառայողներ եւ ոստիկաններ են սպանվել այն գրոհների հետեւանքով, որոնք կատարել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի Քունդուզի նահանգում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղական աղբյուրներ: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թալիբների ղեկավար մոլլա Աբդուլա Ղանի Բարադարին կոչ է արել մասնակցելու ներաֆղանական բանակցություններին: Նաեւ նա «ընդգծել է բռնության կրճատումը շարունակելու անհրաժեշտությունը»:

Աղբյուրների տեղեկատվությամբ՝ թալբները հարձակվել են երկու հսկիչ անցակետի վրա Քունդուզ քաղաքի մերձակայքում: Աֆղան զինվորականների եւ «Թալիբանի» զինյալների միջեւ ընդհարումների հետեւանքով զոհվել են 18 զինվոր եւ երեք ոստիկան: Թալիբների կողմից զոհվածների մասին տեղեկատվություն չկա: Աղբյուրը հավելել է, որ եւս 10 զինվորականների թալիբները գերի են վերցրել: ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 4-ին Հիլմենդի նահանգում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ դա եղել է պաշտպանական նպատակներով ավիահարված թալիբներին, որոնք գրոհել էին Աֆղանստանի զինված ուժերի հսկիչ անցակետերը: Մարտի 1-ին Կատարում կայացած հանդիսավոր արարողությանն ԱՄՆ-ն եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից եւ մարտ ամսին միջաֆղանական երկխոսության սկիզբ՝ գերիների փոխանակման գործարքից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս