Բաժիններ՝

«Փողոցում դիմակ կրելն իմաստ չունի». ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանի համար անհասկանալի է կորոնավիրուսի պատճառով տարածված խուճապը, քանի որ, ըստ իր պնդումների, Առողջապահության նախարարությունը կատարում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հայաստանում կորոնավիրուսի գրանցված մեկ դեպք ունենք: Քաղաքացին Իրանից է եկել, բժշկի դիմել է ինքը: Համբարձումյանը պնդում է, որ  «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ-համաճարակաբանները ուշադիր և լավ են աշխատում.

«Քաղաքացու ջերմությունը ստուգվել է երեք անգամ՝ Իրանում, օդանավի մեջ և Հայաստանում: Երեք անգամ էլ ջերմություն չի ունեցել: Իր հետ նույն օդանավի մեջ եղած մարդկանցից կարանտինի մեջ են միայն առաջին երկու և վերջին շարքի ուղևորները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կան հրահանգներ, մեկուսացվում են շատ մոտ գտնվող մարդիկ միայն, այս վիրուսը չափսերով ավելի մեծ է, քան գրիպինը, հեռու տարածությունների վրա չի կարող տարածվել, հեռու տարածության վրա հիվանդը չի կարող վարակել առողջին: Պետք է մոտեցումը լինի այնպիսին, որ ավելորդ խուճապ չստեղծվի, և ավելորդ աշխատանք չարվի»:

Արմենակ Համբարձումյանի խոսքով՝ կարանտինի մեջ հայտնված 30 քաղաքացիներին սպասարկում է միջին բուժպերսոնալ, պարբերաբար ստուգվում է նրանց մարմնի ջերմաստիճանը, բժիշկների առկայություն այնտեղ այս պահին հարկավոր չէ, մուտքերն ու ելքերը հսկում են ոստիկանները:

«Ամեն մի հիվանդ կարող է վարակել 2-3 հոգու, դա շատ ավելի քիչ է, քան գրիպի դեպքում: Այս վիրուսին մարդն իր էվոլյուցիայի ընթացքում չի հանդիպել, իսկ առաջին հանդիպումը լինում է վտանգավոր, քանի որ իմունային համակարգը չի կարողանում լավ ճանաչել և կազմակերպել պայքարը: Հիվանդացածների մեծ մասը թեթև հիվանդներ են, 10 տոկոսն է միայն ծանր տանում»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակ չկա: Որպեսզի վիրուսի տարածումը համարվի համաճարակային, մահացությունները պետք է կազմեն 7 տոկոս, մինչդեռ կորոնավիրուսի դեպքում 2 տոկոս են:

«Նույն ժամանակահատվածում, երբ որ կորոնավիրուսից մահացել է 3,5 հազար մարդ, 100 հազար մարդ մահացել է սովորական գրիպից։ Եվ համեմատելու չեն»:

Պողոսյանն առաջարկում է խուճապի չմատնվել, որ դեղատներում չկան դիմակներ, պնդում է, դա շատ հանգիստ կարելի է  պատրաստել երկու-երեք շերտ շղարշից (մառլյա): Սպառողների միության նախագահը նաև չի հասկանում դպրոցները փակելու պատճառը.

«Մասնագետներն ասում են, որ այս էպիդեմիան մինչև մայիս տևելու է: Եթե մինչև մայիս է տևելու, ապա մեկ շաբաթով փակելն ի՞նչ կտա: Մեկ շաբաթից հետո գալու է հաջորդ շաբաթը, չէ՞:  Պետք է ուղղակի պահել հիգիենայի կանոնները, որը պարտավոր ենք պահել, անգամ, եթե համաճարակ չկա»:

Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս հեռու մնալ մարդաշատ վայրերից, իսկ այդպիսիք համարում է այն վայրերը, որտեղ կա 15-ից ավելի մարդ: Պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանն էլ պնդում է, որ նման վայրեր պետք է այցելել դիմակով.

«Փողոցում դիմակ կրելն իմաստ չունի: Դրանք կարելի է կրել տրանսպորտում, այնպիսի վայրերում, որտեղ կան մարդկանց կուտակումներ»:

Համբարձումյանն ասում է՝ պատվաստանյութի վրա աշխատում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում,  հույս է հայտնում, որ այն մոտ ապագայում պատրաստ կլինի և կհերիքի բոլորին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս