Ռուսներն անցնում են կացնային մեթոդների

Այսօր ռուսական «Аргументы Недели» պարբերականը հրապարակել է մի հոդված, որում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ողջ մեղքն, ըստ էության, բարդվում է ԱՄՆ-ի վրա: Այդպիսին է անգամ հոդվածի վերնագիրը` «Լեռնային Ղարաբաղի շուրջ սրացումների համար Միացյալ Նահանգնե՞րն է մեղավոր»: Ռուսական պարբերականը իբրև թե հետաքննություն է անցկացրել և «բացահայտել է» մինչ այժմ անհայտ փաստեր:

Մասնավորապես, ըստ «Аргументы Недели»-ի, դասընթացները, որոնց ժամանակ Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, իրականում կազմակերպվել են ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից: Ավելին, հոդվածում գրված է, թե Գուրգեն Մարգարյանի սպանությունից առաջ հունգարական հատուկ ծառայություններն ամերիկացիներին տեղեկացրել են, որ Սաֆարովը խանութից կացին է գնել: Ամերիկացիները, սակայն, դրան չեն արձագանքել: «Արդյունքն այն եղավ, որ գլխակերը հանգիստ կացինը սրելով՝ կտրել է խեղճ հայի գլուխը»,- գրել է ռուսական «Аргументы Недели»-ն:

Այս հրապարակման մեջ ներառված փաստական խեղաթյուրումներին անդրադառնալն անիմաստ է, քանի որ ակնհայտ է, որ հոդվածը ոչ թե նոր տեղեկություններ հաղորդելու, այլ տրամադրություններ ստեղծելու նպատակ ունի: Այս և դրան նախորդած մի շարք քարոզչական հրապարակումներ ցույց են տալիս, որ ռուսական իշխանությունները բավարարված չեն «սաֆարովյան օպերացիայի» արդյունքներով և դիմում են ավելի կոշտ միջոցների: Խոսքը մասնավորապես այն ակնկալիքների մասին է, որ Սաֆարովի արտահանձնումն ու դրան հետևած իրադարձությունները Հայաստանում պետք է հակաարևմտյան տրամադրություններ առաջացնեին:

Իհարկե, այդպիսի տրամադրություններ եղան, դրանք նաև «տակից» խրախուսվում էին իշխանական որոշակի շրջանակների կողմից, սակայն, ըստ ամենայնի, ռուսների համար ցանկալի արդյունք չեն ապահովել: Ուշագրավ է, որ այս հրապարակումը հաջորդեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի` «Euronews»-ին տված հարցազրույցին, որում նա ասել էր, թե Հայաստանում հականատօյական տրամադրություններ չի զգացել: Այսինքն` ռուսներին պետք է ոչ միայն այն, որ Հայաստանում այդպիսի տրամադրություններ արթնանան, այլ դրանք դրսևորվեն այնպիսի սրությամբ, որ դրանց հասցեատերերը զգան դա:

Ու հիմա ռուսներն անցել են «կացնային» միջոցների` ուղղակիորեն ԱՄՆ-ի վրա գցելով ոչ միայն Սաֆարովի արտահանձնման, այլ հենց Գուրգեն Մարգարյանի սպանությունը չկանխելու մեղքը: Թե ինչու է ռուսներին անհրաժեշտ դա, ակնհայտ է և անգամ պետք չէ զարմանալ: Զարմանք ու վրդովմունք է առաջացնում , սակայն, ռուսական իշխանությունների հաշվարկը` Հայաստանում հասարակական տրամադրություններ սադրելու առումով: Այսինքն` ռուսները մեզ վերաբերվում են՝ որպես բանականությունից զուրկ մի զանգվածի, որին կարելի է «ազգայնական խայծերով» ուղղորդել ուր որ պետք է, ավելի ճիշտ` ում դեմ որ պետք է:

Բայց մեղադրել միայն ռուսական իշխանություններին, ճիշտ չի լինի: Նրանք իրենց նման բաներ են թույլ տալիս նաև այն պատճառով, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն դիմադրել, այլև շատ հաճախ նպաստել են Հայաստանում ռուսական շահերի սպասարկմանը ծառայող հասարակական տրամադրությունների հասունացմանն ու մանիպուլյացիային:

 

Տեսանյութեր

Լրահոս