«Թուրքիան կարող է ստանալ երկրորդ Իդլիբ՝ Ղարաբաղի տեսքով». Տարասով
Հարցազրույց ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ
– Ինչպես մի շարք վերլուծաբաններ էին կանխատեսում, Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի բախումնազերծ գոտու շուրջ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Սիրիայի կառավարական զորքերի ավիահարվածների հետևանքով մի քանի տասնյակ թուրք զինվորական է մահացել, Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ցամաքային և օդային գրոհներ սկսելու մասին՝ Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: Ի՞նչ է տեղի ունենում Սիրիայի հյուսիսում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս սրացումը:
– Սիրիացիները ՌԴ աջակցությամբ հարվածում են թուրքական դիրքերին: Այսքանը: Ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Իդլիբի օպերացիայի ելքը: Տեղի է ունենում թուրքական ուժերի դուրսմղում Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածից, որոնց կարգավիճակը, Աստանայի համաձայնությունների համաձայն, հստակեցվել էր: Սակայն դատելով այն ամենից, ինչ տեղի էր ունենում այնտեղ վերջին ամիսներին, կարելի է ենթադրել, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում կանգնել, որի համար նրան պատժում են:
Թուրքերի մոտ հիստերիա է, դա արտահայտվում է նաև ԶԼՄ-ների պատրաստած տեսանյութերում, Թուրքիան չունի Արևմուտքի աջակցությունը, ողջ Արևմուտքը հրաժարվում է որևէ կերպ աջակցել, ՆԱՏՕ-ի նիստ է ցանկանում հրավիրել, դիմել ՆԱՏՕ-ին, իսկ հարցն այն է, որ իրադարձությունները զարգանում են ոչ թե՝ Թուրքիայի, այլ՝ Սիրիայի տարածքում, և Թուրքիան իրականում ագրեսիայի օբյեկտ չէ, Թուրքիան ինքն է Սիրիայի դեմ ագրեսիայի հեղինակը, քանի որ խախտել է Աստանայի ողջ գործընթացը, որով լեգալացվել էր նրա ռազմական ներկայությունն այդ երկրում: Իսկ հիմա այդ պայմանավորվածությունները խախտվել են, հետևաբար՝ ընթանում է պատերազմ, հասկանալի է ամեն բան:
– ՌԴ-ն ու Թուրքիան, չնայած ռազմական ներկայությանը և առճակատմանը, շարունակում են զգուշանալ կոնկրետ մեղադրանքներից, հնարավո՞ր է՝ ուղիղ բախումներ բռնկվեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
– Ոչ, սա պատերազմ է Սիրիայի և Թուրքիայի միջև՝ առաջին հերթին, բայց հարցն այն է, որ մենք աջակցում ենք Սիրիային՝ որպես մեր գործընկերոջ, մենք պաշտպանում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունն իսլամիստ ռադիկալներից, ջիհադիստներից, որոնք համագործակցում են Թուրքիայի հետ: Դա միայն մեր դիրքորոշումը չէ, այդ մասին ասել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողովի ընթացքում, ֆրանսիացիները դա վաղուց են հասկացել, ամերիկացիները՝ ևս: Ամերիկացիները, ի դեպ, հայտարարել են, որ չեն միջամտելու ստեղծված իրավիճակին Իդլիբում և չեն աջակցելու Թուրքիային, նրանք անում են հայտարարություններ աջակցության տեքստերով, Թուրքիան նրանց գործընկերն է, ՆԱՏՕ-ի անդամ, բայց իրական աջակցություն չի լինելու: Լուծվում է տեղային խնդիր՝ թուրքական ներկայության դուրսբերում Սիրիայից, քանի որ պայմանավորվածություններ են խախտվել:
– Մի շարք վերլուծաբաններ չեն բացառում, որ Թուրքիան ՌԴ-ին «պատասխանի»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում բախումներ հրահրելով: Նման «պատասխան» հնարավո՞ր է:
– Ինչպե՞ս, այդպես նրանք կարող են ստանալ երկրորդ Իդլիբ, խնդրեմ, թող պատասխանեն: Բայց կարծում եմ, որ Բաքվում խելացի մարդիկ են նստած, հետսովետական տղաներ, նրանք նման բանի չեն գնա՝ հասկանալով, որ կարող են ստանալ երկրորդ Իդլիբ իրենց մոտ: Դա նրանց պետք չէ, ու նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, նրանք հասկանում են, թե ինչ խնդիր է լուծում ռուսական բանակը, նրանք նաև լավ են կողմնորոշվում: Շատ լավ հասկանում են նաև, թե ինչու են մերոնք կանգնած Գյումրիում: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա հորիզոնում ոչինչ դեռ չի ուրվագծվում, Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին, ու վերջ: Որևէ նշան այլ բանակցությունների դեռ չկա:
Սակայն վերջին հանդիպումից հետո տեղեկատվական առումով Փաշինյանն ադրբեջանական կողմի նկատմամբ առավելություն է ստանձնել, քանի որ նշել է, թե մոտավորապես որոնք են ներկայումս քննարկվող հարցերը հանդիպումների ընթացքում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն իր ջանքերը կոորդինացնում է Թուրքիայի հետ, նա ուշադիր հետևում է, թե ինչպես է զարգանալու իրավիճակը Սիրիայում, եթե Սիրիայում Էրդողանը հաղթի, ապա նա իրեն կսկսի այլ կերպ դրսևորել Ղարաբաղյան ուղղությամբ: Սա իմ անձնական տպավորությունն է, բայց դեռ Սիրիայում տեղի ունեցողից հետևություններ անել չենք կարող, թե Էրդողանը կհաղթի: Էրդողանը մեկնեց Բաքու, բանակցություններ վարեց Ալիևի հետ, վստահաբար այնտեղ քննարկվել է սիրիական խնդիրը, Իդլիբի խնդիրը, Պուտինի հետ հարաբերություններն են վատացել և գործողությունների ինչ-որ կոորդինացիա է իրականացվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Բաքվում չեն թաքցնում, որ սերտ համագործակցում են Անկարայի հետ: Թե ինչպես ստեղծված իրավիճակից կփորձի օգտվել Փաշինյանը, դժվար է ասել, բայց հայերն իմաստուն են: Կրկնեմ, սա իմ անձնական տեսակետն է:
– Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ խորհրդակցություններ են նախատեսվում Թուրքիայի հետ: Ի՞նչ արդյունք կարող են տալ դրանք:
– Էրդողանի ու Պուտինի միջև բանակցությունները կարող են միայն իրավիճակ փոխել, այս պահին դեռ կարծում եմ, որ օպերացիան պետք է ավարտին հասցվի:
– Իսկ ո՞ւր մնացին Հյուսիսային հոսքը և ռուս-թուրքական մյուս մեծ պրոյեկտները:
– Իսկ ի՞նչ անել: Կտեսնենք առաջիկայում՝ արդյոք հնարավոր կլինի՞ տարանջատել հարաբերությունների տնտեսական հատվածը քաղաքականից. Թուրքերը դեռ հայտարարում են, որ այդ հարցերը տարանջատում են, բայց հարցն այն է, որ Թուրքիային հարկավոր էին այդ ծրագրերը, հատկապես գազային՝ հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական վիճակը: Ս-400 հրթիռների գործարքը «ռուսական պտտախաղն է», դեռ կարելի է քննարկել՝ պե՞տք են, թե՞ ոչ, իսկ ատոմային էլեկտրակայանը, որը նման պայմաններով գոյություն չունի որևէ տեղ, Ռուսաստանը մեծ զիջումների է գնացել, սակայն թուրքերն իրենց սխալ են դրսևորում ամեն դեպքում, Թուրքիան խախտում է պայմանավորվածությունները, որը ռուսական ղեկավարության վստահությունն է վերացնում: Ենթադրվում էր դա, բայց որ այսքան հեռու կգնային՝ ռուսական ղեկավարությունը չէր հաշվարկել դա: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե ինչ հունով կընթանա գործընթացը, սակայն Թուրքիան պետք է լքի այդ տարածքները, քանի որ դրանք Սիրիայինն են, Թուրքիան նաև չունի արտաքին աջակցություն: