Հայաստան և Իրաք. Մերձավոր Արևելքի առևտրային ուղիներում Իրանը հնարավոր չէ շրջանցել
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ Ալ-Շեյխլիի հետ: Ողջունելով հյուրին՝ հայ խորհրդարանականը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության շարունակական զարգացման համար՝ կարևորելով միջպետական և խորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Մ. Ալ-Շեյխլիի խոսքով՝ Հայաստանի և Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը ևս արտացոլվում է մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ: Երևանն ու Բաղդադը մեծապես կարևորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ ընդգծելով, որ դա պետությունների բարգավաճման և փոխշահավետ համագործակցության կարևորագույն պայման է:
Ավելի վաղ՝ տարեսկզբին, իրաքցի դիվանագետին ընդունել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը: Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր և դրա զարգացման հեռանկարները: Երևանում նախատեսում են ընթացիկ տարվանից առնվազն կրկնակի ավելացնել իրաքյան հեղուկացված նավթային գազի ներկրումը՝ ձգտելով թուլացնել այդ ոլորտում կախվածությունը ոչ միայն ՌԴ-ից, այլև Ադրբեջանից, որտեղից այդ արտադրանքի սահմանափակ մատակարարումները սկսվել են սույն թվականի մարտից: Նարեկ Ապիտոնյանը կարևորել է երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում զարգացող հարաբերությունները՝ հույս է հայտնել, որ էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի՝ նոր հնարավորություններ բացելով այդ ոլորտում:
Նշվեց՝ Հայաստանը հեղուկացված նավթային գազ է ներմուծում Իրաքից: ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կեսին Հայաստանը ներմուծել է այս էներգառեսուրսի 218.1 տոննա, ինչը 68.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ավելին, մաքսային արժեքն աճել է 2.8 անգամ՝ հասնելով 146,000 դոլարի: Այդ ժամանակահատվածում իրաքյան գազը կազմել է այս ապրանքի ընդհանուր ներմուծման ընդամենը 0.1%-ը: Տարվա երկրորդ կեսին այս ծավալն աճել է մինչև ընդհանուր 410 տոննա, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման մոտ 1%-ը: Այս մատակարարումները հիմնականում իրականացվել են Իրանի միջոցով, որի դեմ Միացյալ Նահանգները և Իսրայելը ագրեսիվ պատերազմ են սկսել 2026 թվականի փետրվարի 20-ին:
Հակառակ ուղղությամբ, կրկին Մեղրիի անցակետով, Իրանի տարածքով տարանցիկ փոխադրում են ծխախոտ և որոշ այլ հայկական ապրանքներ: 2025 թվականին Հայաստանից Իրաք արտահանման և վերաարտահանման ընդհանուր ծավալը կազմել է 338 միլիոն դոլար, ընդ որում՝ առևտրաշրջանառությունը կայուն աճել է, նշել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի մասնակիցները: Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը և Օմանը պաշտոնական դիմումներ են ներկայացրել «Զարգացման ճանապարհ» նախագծին միանալու համար, ըստ Իրաքի վարչապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Նասեր Ալ-Ասադիի. «Իրաքի կառավարությունը կարծում է՝ հարևան երկրները պետք է մասնակցեն «Զարգացման ճանապարհ» նախագծին: Քաթարը, ԱՄԷ-ն և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել աջակցել նախագծին: Իրաքում Հայաստանի դեսպանը նույնպես ցանկություն է հայտնել, որ իր երկիրը մասնակցի նախագծին՝ հայկական արդյունաբերության և Իրաքի ու տարածաշրջանի հետ առևտրային փոխանակումների համար ազատ գոտի ստեղծելու միջոցով»:
Ավելի վաղ՝ 1990-ականների վերջին (և նույնիսկ 1970-ականների կեսերին), ԽՍՀՄ/Ռուսաստանի, Իրանի և Իրաքի փորձագետները քննարկել են Միջագետքի հանքավայրերից Իրանի միջով դեպի Կովկաս բնական և նավթային գազի և նավթի տարանցման նախագիծ՝ Բաթումի նավահանգստի մոտ գազի և նավթի արտահանման հանգույցի հնարավոր ստեղծմամբ։ Նման նախագիծը պայմանավորված էր՝ ինչպես Իրաքի և Իրանի հարաբերությունների կարգավորմամբ, որոնք 1975-ին Ալժիրում կնքեցին բարեկամության և սահմանային պայմանագրեր, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի համեմատաբար բարեկամական հարաբերությունները՝ ինչպես Մոհամմեդ Ռեզա Փահլավիի, այնպես էլ՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի հետ: Այնուամենայնիվ, 1979 թվականին սկսվեց իրանա-իրաքյան արյունալի պատերազմը, որը տևեց մինչև 1988 թվականը և երկար տարիներ թաղեց տարածաշրջանի ցանկացած տարանցիկ տարբերակ:
Մինչդեռ, կար նաև նախագիծ, որը նախատեսում էր հյուսիս-իրաքյան նավթի ելք դեպի Կասպից ծովի իրանական ափ։ Այս վաղեմի գաղափարը, որը սկիզբ է առել 1919 թվականից, մշակվել է բրիտանական նավթային բիզնեսի կողմից՝ Մերձավոր, Միջին Արևելքի և Կասպյան տարածաշրջանի նավթարդյունահանող շրջանները և պոմպային համակարգերն ամենակարճ ճանապարհով միացնելու նպատակով։ 1995-2001 թվականներին Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սաֆարին հոդվածիս հեղինակին (այն ժամանակ՝ RCC-ի մեկնաբանին) հայտնել է՝ «Իրանի կողմից կատեգորիկ առարկություններ չեն եղել, հարցը քննարկվում է, բայց շատ բան կախված կլինի իրաքյան կողմի դիրքորոշումից»։
Որոշ հեղինակներ Իրանի և Իրաքի հիպոթետիկ էներգետիկ կապը համարում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հավերժական անհանգստության պատճառներից մեկը: Երկու հարևան երկրների միջև դաշինքն արագորեն կհաստատի գերիշխող դիրք տարածաշրջանում, իսկ համագործակցությունը վերջին տասնամյակների ընթացքում բավականին հեռու էր գնացել: Օրինակ, 2019 թվականից ի վեր Իրանն ապահովում է Իրաքի գազի կարիքների գրեթե 43%-ը զարգացող իրաքյան էլեկտրագեներացիայի համար (մատակարարվում է գազատարով հարավային Բասրա քաղաքով և երկաթուղիներով)։ Իրանն Իրաք գազի մատակարարումը վերսկսել է 2026 թվականի մարտի 21-ին՝ գրեթե մեկամսյա դադարից հետո՝ պայմանավորված «Էփշտեյնի կոալիցիայի»՝ «Հարավային Փարս» խոշորագույն հանքավայրին հասցված հարվածներով։ Իրաքը կախված է իրանական գազից (հիմնականում բնական հեղուկացված գազ)՝ իր էլեկտրակայանները գործարկելու համար: Համաձայնագիրը նախատեսում է մատակարարումներ մինչև 2029 թվականը ներառյալ՝ ցանկացած ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Հավելենք՝ Սպիտակ տունն արգելում է Բաղդադին Իրանից գազ ներկրել, սակայն Մուամմար ալ-Սուդանիի կառավարությունը պնդում է «ժամանակավոր» թույլտվությունների վրա և ստանում դրանք։

Թվում է, թե վերսկսված իրան-իրաքյան էներգետիկ համագործակցությունը մասամբ ազատում է իրաքյան նավթային գազն արգելքից՝ Հայաստան, Թուրքիա և Հորդանան մատակարարելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիական TotalEnergies-ի հետ պատրաստվել են նախագծեր՝ 2026-2031 թվականներին Կենտրոնական և Հարավային Իրաքում 4 նոր գազային հանքավայրերի մշակման համար։ Երկրում գազի ընդհանուր պաշարները գնահատվում են մոտ 4,6 տրիլիոն խորանարդ մետր, որի գրեթե 70 %-ը նավթային գազ է։ Արդյո՞ք այդ ամենը կիրականացվի՝ կախված է տարածաշրջանում իրադարձությունների ընթացքից՝ ներառյալ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի շուտափույթ դադարեցումը և տարանցիկ երթուղիների բնականոն աշխատանքի վերականգնումը։
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



