Մահացել է Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը
Մոսկվայում մահացել է ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը, որը նախագծել է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաշինական ճյուղի մի աղբյուր:
«Փետրվարի 27-ին կյանքի 85-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս, Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հուղարկավորության օրն ու վայրն այս պաին հայտնի չեն: «Սուխոյի» կայքի տվյալներով՝ Ռոլան Մարտիրոսովը Սուխոյ փորձնա-կոնստրուկտորական բյուրո է եկել 1959 թվականին Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո:
Անցել է ինժեներից մինչեւ գլխավոր կոնստրուկտորի ուղին, մեծ ավանդ է ներդրել Սու-7ԲԿԼ, Սու-15, Տ-4, Սու-24, Սու-24Մ եւ Սու-27 ինքնաթիռների մշակման եւ սերիական թողարկման բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել եւ իրականացվել են Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Այդ տիպի ինքնաթիռներով ՌԴ-ի ռազմաօդային ուժերի օդաչուները սահմանել են յոթ համաշխարհային ռեկորդ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել, հայտարարում են «Սուխոյ»-ում: Կյանքի վերջին տարիներին Մարտիրոսովը մշակում էր Սու-34-ի հետագա տեխնիկական բարելավումները: