Գերմանիան փակում է իր դեսպանատները մի շարք մահմեդական երկրներում

Գերմանիայի ԱԳՆ-ն կփակի դեսպանությունները մի շարք մահմեդական երկրներում, գրում է Spiegel-ը՝ հղում կատարելով գերատեսչության ներկայացուցչին:

Այդ որոշումը կապված է մի խումբ ամերիկացիների կողմից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի հնարավոր ակցիաների հետ:

Հրատարակության տվյալով՝ ԳԴՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն հյուսիսաֆրիկյան երկրներում, ինչպես նաև Աֆղանստանում ու Պակիստանում:

Ներկայում Գերմանիայի իշխանությունները որոշել են դեսպանությունները փակել միայն այսօր` մտավախություն ունենալով ավանդական ուրբաթօրյա աղոթքի հնարավոր հետևանքներից:

Հանձնարարված է գերմանական կազմակերպություններում ու հիմնադրամներում ուժեղացնել հսկողությունն ու անվտանգության միջոցառումները: Ուժեղացված ռեժիմի է անցել Աֆղանստանում Բունդեսվերի ծառայությունը:

ԳԴՀ արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն անհանգստություն է հայտնել՝ կապված Լիբիայում, Եմենում, Եգիպտոսում ու այլ մահմեդականական երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների վրա հարձակումների առնչությամբ:

Նա տեղի իշխանություններին կոչ է արել ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը:

Նախարարը նաև նշել է, որ հասկանում է մահմեդականների վրդովմունքը ֆիլմի առնչությամբ, սակայն ընդգծել է, որ դա արդարացում չէ բռնությունների համար:

Ամերիկյան ֆիլմի դեմ ցույցերը սկսվել են սեպտեմբերի 11-ին այն բանից հետո, երբ եգիտպական հեռուստատեսությամբ ցույց տվեցին ֆիլմից մի քանի կադրեր:

Ապա դրանք հայտնվեցին YouTube-ում ու տարածվեցին մահմեդական աշխարհի տարբեր երկրներում:

Սեպտեմբերի 11-ին իսլամիստները հարձակվեցին Կահիրեում ԱՄՆ դեսպանատան վրա, ապա նույն օրը հարձակվեցին Բենղազիում ամերիկյան դեսպանատան վրա: Դրա հետևանքով սպանվեց Լիբիայում ԱՄՆ դեսպանը ու դիվանագիտական ներկայացուցչության 3 աշխատակից:

Սեպտեմբերի 13-ին Եմենում տեղի ունեցան ցույցեր՝ դառնալով 4 մարդու մահվան պատճառ, իսկ Կահիրեում ցույցերի ժամանկ տուժեց շուրջ 200 մարդ:

Իսլամիստները բողոքի ակցիաներ էին կազմակերպել նաև Իրանում, Իրաքում, Իսրայելում, Հորդանանում, Սուդանում ու Թունիսում:

Սեպտեմբերի 13-ին ահաբեչկության վտանգի պատճառով տարհանվել էին Բեռլինում ԱՄՆ դեսպանատան աշխատակցիները:

Ահազանգը կեղծ էր եղել. սակայն տեղի դիվանագետներն ու գերմանական ոստիկանությունը հայտարարել էին, որ ներկայում ցանկացած իրավիճակի լրջորեն են վերաբերվում:

Տեսանյութեր

Լրահոս