Ինչպես հասկանալ՝ վարակվել եք գրիպո՞վ, թե՞ կորոնավիրուսով, և ի՞նչ անել․ պարզաբանում է վիրուսաբանը
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ
– Պարոն Զաքարյան, ի՞նչ է կորոնավիրուսը, ի՞նչ ճանապարհով է այն փոխանցվում:
– Փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին:
– Ես պատահական չհարցրի՝ ինչ ճանապարհով է փոխանցվում. վերջերս բանանի հետ կապված տարբեր տեղեկություններ էին տարածվում, թե դրանից կարող է կորոնավիրուս փոխանցվել: Նման բան կարո՞ղ է լինել:
– Ոչ: Ընդհանրապես կարևոր է իմանալ, որ բոլոր կորոնավիրուսները բավականին անկայուն են միջավայրում, այսինքն՝ օրգանիզմից դուրս նրանց կայունությունը և կյանքի տևողությունը շատ սահմանափակ է, և առավել ևս՝ մրգերի կամ բանջարեղենի միջոցով փոխանցման որևէ պաշտոնական դեպք դեռևս չի գրանցվել, և հավանականությունը շատ փոքր է, որ կգրանցվի: Այս վիրուսի պարագայում տարածման համար կարևոր նախապայման է մոտ կոնտակտը, դրա համար էլ բոլոր մարդու կորոնավիրուսների դեպքերը ամենաշատը գրանցվում են հիվանդանոցներում:
– Չինաստանի Հուբեյ շրջանի մի շարք քաղաքներում, որտեղ մարդկանց մեկուսացրել են, զգուշացրել են նաև ուշադիր լինեն կոյուղագծերին, որովհետև ասել են, թե այս նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել նաև այդտեղից: Տեսականորեն նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ:
– Տեսականորեն հնարավոր է. կան վիրուսներ, որոնք կոյուղաջրերի միջոցով կարող են տարածվել, նույն՝ ՌՆԹ վիրուսների այլ տեսակները, բայց այս վիրուսը, կրկնեմ՝ բավականին անկայուն է միջավայրում, հետևաբար՝ ես չեմ կարող բացառել, չեմ էլ կարող ասել, որ հաստատ կտարածվի նաև կոյուղիների միջոցով: Զգուշավոր լինելը երբեք չի խանգարի:
– Քանի որ համեմատությունները շատ են, կասե՞ք՝ որո՞նք են կորոնավիրուսի և գրիպի նմանություններն ու տարբերությունները:
– Հիմնականում երկու նմանություն ունեն. առաջինը, որ, ինչպես նշեցի՝ օդակաթիլային ճանապարհով են տարածվում, երկրորդ՝ ախտանիշերը: Եթե մարդը գրիպի վիրուսով է վարակվում, հիմնական կլինիկական դրսևորումները բոլորը գիտեն՝ ջերմություն, հազ, թուլություն: Կորոնավիրուսի դեպքում էլ են նույն նախանշանները ի հայտ գալիս, և սա, իհարկե, լուրջ դժվարություն է առաջացնում՝ տարբերակելու համար՝ արդյոք տվյալ մարդը գրիպո՞վ է վարակված, թե՞ կորոնավիրուսով: Այսքանով նմանություները սահմանափակվում են, որովհետև սեզոնային գրիպի բոլոր վիրուսների դեպքում մահացության աստիճանը բավականին ցածր է, մոտավորապես 0.2-0.3 տոկոսը չի անցնում, եթե, իհարկե, խոսքն այն գրիպի վիրուսների մասին չէ, որոնք պատմության ընթացքում լուրջ համաճարակների պատճառ են դարձել, օրինակ՝ իսպանական գրիպը: Կորոնավիրուսի դեպքում մահացության մակարդակը 2.5-3 տոկոսի է հասնում, որը 10 անգամ բարձր է: Հետևաբար՝ համեմատել գրիպի վիրուսի հետ և ասել՝ գրիպի վիրուսի նման է, պետք չէ մտահոգվել, այդքան էլ ճիշտ չէ:
– Այդ դեպքում հասարակ քաղաքացին ինչպե՞ս տարբերակի՝ իր մոտ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս:
– Ոչ մի կերպ չի կարող տարբերակել: Տարբերակման միայն մեկ բավականին ճշգրիտ մեթոդ կա՝ դիագնոստիկ մեթոդներն են: Եթե մարդը գրիպի ախտանշաններ ունի և վերլուծելով իր անցած ճանապարհը՝ տեսնում է, որ հնարավոր պոտենցիալ վտանգներ կան, իհարկե, արժե, որ այցելի հիվանդանոց և բժիշկներին հայտնի իր մտավախությունները: Իհարկե, այդ պարագայում է հնարավոր անել դիագնոստիկա և տեսնել՝ արդյոք սա սովորական գրի՞պ է, կամ որևէ սուր շնչառական վարա՞կ է, թե՞ կորոնավիրուս է:
– Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Հայաստանը փակել է Իրանի հետ ցամաքային և օդային սահմանը. բացի սահմանը փակելուց, ուրիշ ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:
– Այն, որ Իրանում 12 հոգի մահացել է այդ 50 դեպքից, վկայում է այն մասին, որ այնտեղ հավանաբար իրավիճակը շատ ավելի բարդ է, որովհետև 12-ը դա մոտավորապես 20 տոկոսն է, իսկ ես ասացի, որ Չինաստանի պարագայում կորոնավիրուսից մահվան դեպքերը 2.5-3 տոկոս են: Իրականում շատ հավանական է, որ Իրանում վարակվածների թիվն ահռելի մեծ է, քան այն թիվը, որը դուք նշեցիք, հակառակ դեպքում՝ անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է Իրանում մահացության դեպքերը լինել 20 տոկոս, իսկ մյուս երկրում՝ 10 անգամ ավելի քիչ:
Արդեն հասկանալի է, որ Իրանն այդքան հեռու չէ Չինաստանի համեմատ, ընդհանուր սահման ունենք, և առաջին քայլերից մեկը, որն ուշացած էր, պետք էր սահմանը փակել, ինչը եղավ: Դա ինչ-որ չափով կարող է նվազեցնել եղած ռիսկերը, բայց այստեղ նորից հարցեր են առաջանում. իսկ եթե նույն ՀՀ քաղաքացիները միջանկյալ երկրների միջոցով գա՞ն, ո՞նց է արվելու: Սահմանը փակելը տեխնիկական գործընթաց է, բայց ռեալ դա չի նշանակում, որ ամբողջովին կբացառենք կոնտակտը Իրանից եկող մարդկանց հետ:
– Ի դեպ, հենց այս համատեքստում շատերը քննադատեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման այն կետը, թե՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումներն իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Սա ռիսկեր պարունակո՞ւմ է:
– Ռիսկեր պարունակում է, բայց ախտանիշերի փունջ կա, որոնք կարելի է օգտագործել և՛ մեքենաների, և՛ վարորդների պարագայում, և, իհարկե, շատ լուրջ հսկողության տակ պահել իրենց։ Այ, որքանով դա կիրականացնեն, ցույց կտա ժամանակը։
– Բայց հիմնականում ջերմությունն են չափում, և այդպես կարող է չերևալ, չէ՞, մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ։
– Այո, հիմնականում ջերմությունն են չափում, և դա ոչ այնքան արդյունավետ քայլ է, որովհետև շատ կարևոր է իմանալ, որ նույն կորոնավիրուսի պարագայում մոտ 2 շաբաթ վիրուսը կարող է լինել օրգանիզմում, և որևէ ախտանիշ չլինի, բայց ընթացքում վիրուսակիրն այն կտարածի շրջապատում։ Եվ այդ պարագայում ջերմություն չափելն արդյունավետ չէ։ Այստեղ ավելի կարևոր հարցեր կան՝ բացի սահման փակելուց և ջերմություն չափելուց՝ որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ որևէ համաճարակի։ Այսինքն՝ սա լավ առիթ է խոսելու այդ մասին, և լավ առիթ է, որ պատկան մարմինները մտածեն այդ ուղղությամբ։ Անկախ նրանից՝ կլինի կորոնավիրուս, թե որևէ այլ վիրուս, Հայաստանը մեկուսացած չէ աշխարհից, և, առավել ևս, լինելով նման բարդ աշխարհաքաղաքական վիճակում, երբեք չպետք է բացառել, որ հնարավոր են արհեստածին այնպիսի իրավիճակներ, որ Հայաստանում հայտնվեն որոշակի վիրուսներ։
– Իսկ որքանո՞վ ենք պատրաստ։
-Այդ հարցին 100 տոկոսանոց պատասխան ես չունեմ, բայց իմ մոտ կան մտավախություններ, որ ոչ այնքան շատ, որքան ես կցանկանայի։
– Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները՝ կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:
– Ախտորոշումը մի բան է, այդպիսի արտակարգ իրավիճակներում գործելը՝ այլ։ Իմ լաբորատորիայում էլ ես կարող եմ ախտորոշել, դրա համար որևէ լուրջ տեխնիկական միջոցներ պետք չեն, դրա համար պետք են որոշակի սարքեր և որոշակի մասնագետներ, որոնք, այո՛, Հայաստանում կան։ Իմ հարցն այն է, որ, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանո՞վ են պատկան մարմինները պատրաստ դրան։ Եթե, օրինակ, պարզվի, որ Հայաստանում 100 հոգու մոտ կա կորոնավիրուս կամ որևէ այլ վիրուս, որքանո՞վ են մեր հիվանդանոցները պատրաստ՝ ընդունելու և մեկուսացնելու այդ քանակի մարդկանց, որքանո՞վ են բուժհաստատությունները տեխնիկապես և մարդկային ռեսուրսներով պատրաստ առնչվելու այդպիսի հիվանդների հետ։ Մեկուսարանները, որտեղ նման հիվանդներին պետք է մեկուսացնել, ուղղակի 4 պատեր չեն, բանտ չէ, որ փակեք դուռը և ինչ-որ մի անցքից սնունդ տաք, դրանք լուրջ բժշկական սարքավորումներ պահանջող, լուրջ օդափոխման համակարգեր պահանջող մեկուսարաններ են, որտեղ այդ մարդիկ պետք է լինեն բժիշկների 24-ժամյա հսկողության տակ։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք, ունե՞նք, թե՞ ոչ, այդ հարցին պետք է պատասխանեն պատկան մարմինները։
– Դե, իրենք ասում են՝ խուճապ մի տարածեք, ամեն ինչ նորմալ է։
– Այո, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, բայց Չինաստանում մինչև դեկտեմբեր ամիսն էլ ամեն ինչ նորմալ էր։ Դեկտեմբերի վերջին պարզվեց, որ Չինաստանում կա նոր վիրուս, և այդ երկիրը, նույնիսկ իր ահռելի ռեսուրսների հետ մեկտեղ՝ ունի խնդիրներ։ Մարդիկ մի քանի շաբաթում նոր հիվանդանոց էին կառուցում, ինչո՞ւ, որովհետև չունեին այդ պայմանները, եթե ունենային՝ չէին կառուցի։ Հիմա հարցը հետևյալն է՝ մենք ունե՞նք գոնե մինիմալ պայմաններ, եթե չունենք, ի՞նչ ենք անում՝ ունենալու համար։ Սա խուճապի հետ որևէ կապ չունի։
– Հիմա, եթե, Աստված մի արասցե, Հայաստանում կորոնավիրուսը տարածվի, դեղամիջոցներ կա՞ն։
– Որոշ դեղամիջոցներ կան, եթե չկան էլ, դրանք կարելի է շատ արագ արտասահմանից գնել և բերել, ինչպես դիագնոստիկ միջոցները բերվեցին։ Այդ առումով, չեմ կարծում, թե որևէ լուրջ խնդիր կլինի։ Խնդիրը միայն այն կլինի, թե որքանո՞վ այդ դեղամիջոցներն արդյունավետ կլինեն, որովհետև դրանք ստեղծված չեն մարդու կորոնավիրուսի համար։
– Դեռ կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել Հայաստանում, համենայնդեպս, չկա պաշտոնական հաղորդագրություն, բայց ի՞նչ եք խորհուրդ տալիս քաղաքացիներին՝ ի՞նչ անել։
– Շատ պարզ մի քանի կանոններ կան, որոնց պետք է հետևել՝ անկախ նրանից՝ կորոնավիրուսի դե՞մ եք պայքարում, թե՞ այս սուր շնչառական վարակների։ Իհարկե, առաջին հերթին՝ պետք է փորձել տաք և խոնավ պահել շնչուղիները, որովհետև խոնավ և տաք միջավայրը ցանկացած սուր շնչառական վարակ հարուցող վիրուսի համար անցանկալի միջավայր է, դրանք սիրում են չոր և ցուրտ միջավայր, դա է պատճառը, որ, օրինակ, սեզոնային գրիպը տարածվում է ցուրտ եղանակների ժամանակ, այլ ոչ թե՝ ամռանը, երբ միջավայրը տաք է և խոնավ։ Կան հատուկ գելեր, որոնք կարելի է օգտագործել՝ շնչուղիները դրանցով ծածկել, և դա առաջին քայլն է։
Երկրորդ ՝օգտագործել դիմակներ։ Դիմակը քիչ թե շատ արդյունավետ քայլ է։ Երրորդ՝ եթե տեսնում եք, որ ունեք գրիպային ախտանշաններ, չարժե գնալ և խցկվել մարդկանց մեջ ու անպայման տարածել այդ վիրուսը, այսինքն՝ չգնալ աշխատանքի, չգնալ այնպիսի միջոցառումների, որտեղ մարդկանց կուտակումներ կան։ Բացի դրանից, իհարկե, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, դա ամենավատ տարբերակն է, եթե ունեք գրիպային ախտանշաններ, այցելեք բժշկի։ Եթե այն թիրախային խմբի մեջ եք, որ շփվել են չինացիների, իրանցիների, այսինքն՝ այն երկրների քաղաքացիների հետ, որտեղ այդ վիրուսն արդեն կա, անպայման գնացեք բժշկի։
Եվ, իհարկե, եթե լինի այնպիսի իրավիճակ, որ կորոնավիրուսը «ժամանի» Հայաստան, ապա մասսայական կուտակման վայրերը պետք է փակվեն՝ դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, որպեսզի մաքսիմալ քչացվեն մարդկանց միջև ուղիղ կոնտակտները։
– Ի դեպ, ծնողների մոտ մտահոգություն կա, ասում են՝ ի՞նչ իմանանք՝ Հայաստանում կա՞, թե՞ չկա կորոնավիրուս, երեխային ուղարկե՞լ, թե՞ չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։
– Ինքս էլ ծնող եմ և հասկանում եմ այդ մտահոգությունները, բայց քանի դեռ պաշտոնապես կորոնավիրուսի դեպք չկա, խուճապի պետք չէ մատնվել։ Իհարկե, պետք է շարունակել այցելել դպրոց, մանկապարտեզ կամ այլ վայրեր, ոչ թե ասել՝ կարող է՝ կա, և չգնալ։ Սա կարող է առիթ լինել, որ մարդիկ խուսափեն իրենց պարտականություններն իրականացնել։ Դա ճիշտ չէ։ Եթե կան լուրջ մտահոգություններ, ապա, եթե նույն դպրոցներում կան ջեռուցման համակարգեր, ուղղակի փորձեք դասասենյակները խոնավացնել, մի բաժակ ջուր դրեք ջեռուցման համակարգի վրա, և դասասենյակը կխոնավանա։ Կամ՝ խոնավ շորով մաքրեք դասասենյակները, սեղանները։ Դրանով կարելի է նվազեցնել նաև սովորական գրիպի հավանականությունը։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում