Արձանագրությամբ փորձում են փակել «բացը»
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ԱԺ պատգամավորներին վավերացմանը ներկայացրեց ՀՀ նախագահի կողմից դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված ՀԱՊԿ պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածներ տեղակայելու մասին արձանագրությունը:
Շ. Քոչարյանը նշեց, որ արձանագրությունը կոչված է հստակեցնելու այն մեխանիզմները, որով անդամ պետությունները համաձայնություն են տալիս որևէ անդամ պետությանը, որ վերջինս իր տարածքում տեղակայի այլ, անգամ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
«Մինչ այս անհապաղ հրավիրվում էր խորհրդակցություն, որի միջոցով լուծվում էր հարցը: Սակայն հստակեցված չէ, թե ինչպե՞ս է լուծվում հարցը: Այս բացն էլ կոչված է փակելու տվյալ արձանագրությունը, ըստ որի` պաշտոնական առարկումը կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության ռազմական օբյեկտների չտեղակայման պատճառ»,- ասաց նա՝ հավելելով, որ արձանագրությունը կոչված է ՀԱՊԿ-ի «համախմբմանն ու համագործակցության արդյունավետության բարձրացմանը»: