Կադրային առեղծվածներ. Ինչո՞վ է Արթուր Դավթյանն ավելի լավ կադր, քան Արփինե Հովհաննիսյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավ, ինչո՞վ է բացատրվում կադրային այս խայտառակ ընտրությունը, որն իրականացնում է 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ օրս։ Ինչո՞ւ, ասենք, Կարեն Կարապետյանի կառավարության կադրերից պետք է մնային Ստեփան Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը, Դավիթ Անանյանը, իսկ տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, արդարադատության եւ մյուս նախարարները հեռանային։ Ինչո՞վ է, ասենք, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի լավ կադր, քան Արփինե Հովհաննիսյանը, կամ ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանն ինչո՞վ է գերազանցում նախկին պետ Վահրամ Շահինյանին։
Ո՞վ կարող է բացատրել՝ ինչո՞ւ ՀՀՇ-ՀԱԿ շրջանակներից Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգնեց հենց Անդրանիկ Քոչարյանի, այլ ոչ թե, ասենք, Վահագն Խաչատրյանի, Գրիգոր Ոսկերչյանի կամ Արամ Մանուկյանի վրա։
Ի՞նչ տրամաբանությամբ են առհասարակ ընտրվում կադրերը։ Ի՞նչն էր, ասենք, Նիկոլ Փաշինյանին գոհացնում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքում, որ նա որոշեց այդ նախարարությունը դարձնել սուպերնախարարություն՝ դրան կցելով եւս երկու ոլորտ։
Կամ՝ ո՞րն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հանցանքը, որ չկարողացան ներել եւ հասան նրա պաշտոնանկությանը, իսկ, այ, Ռուբեն Միրզախանյանը եւ Ոստանիկ Մարուխյանը՝ մեկը մանկավարժականի, մյուսը՝ պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում, շարունակում են անվրդով պաշտոնավարել։
Եվ ինչո՞ւ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել ԵՊՀ ռեկտորացու, որ վերջապես ընտրություններ անցկացնեն, եւ մայր բուհը ռեկտոր ունենա։ Կամ՝ ինչո՞ւ են ոստիկանության պետը եւ ԱԱԾ տնօրենը ամիսներ շարունակ մնում ժամանակավոր պաշտոնակատարներ։ Մի՞թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ նրանց որոշել են կախման մեջ պահել, ուստիեւ՝ կառավարելի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: