ԱՄՆ-ն իր 7 դեսպանատներին, այդ թվում՝ Երևանի, զգուշավորության հրահանգ է տվել

Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Կովկասի առնվազն 7 երկրներում ԱՄՆ-ի դեսպանատները նախազգուշացվել են հնարավոր հարձակման մասին, հայտնում է Huffington Post-ը: Նախազգուշացումը հաջորդել է Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի և դեսպանատան 3 աշխատակիցների սպանությանը:

 

Աղբյուրը նշում է, որ խոսքը Հայաստանի, Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի և Զամբիայի, ինչպես նաև՝ Եգիպտոսի ամերիկյան դեսպանատների մասին է: Եգիպտոսի դեսպանատունը նախօրեին արդեն ենթարկվել էր հարձակման: Այնտեղ մոտ 3 000 սալաֆիականներ հանել էին ամերիկյան դրոշը՝ փոխարենը տեղադրելով սև դրոշ՝ «Չկա այլ Աստված Ալլահից բացի» գրությամբ:

 

Դեսպանատների կայքերում հայտնված նախազգուշացումները չեն ահազանգում ամերիկացիներին սպառնացող որևէ կոնկրետ վտանգի մասին, սակայն նշում են, որ դրանց շուրջ ցույցերը կարող են դաժան բնույթ կրել:

 

Լիբիայում և Եգիպտոսում բռնկված հակաամերիկյան տրամադրությունների պաշտոնական պատճառն ինտերնետում հայտնված «Իսլամի անմեղություն» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ մարգարեին:

Տեսանյութեր

Լրահոս