Բաժիններ՝

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և մի շարք գյուղերի ջրամատակարարումը կվերականգնվի փետրվարի 15-ին

Փետրվարի 13-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել. ջուրը ուժեղ շիթով լցվում է մայրուղի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մոտ 2-3 մխ չափի ժայռաբեկորները (30-40 մխ ընդհանուր ծավալով) ընկնելով վնասել են Վանաձոր քաղաքը սնուցող ջրատար խողովակը (1000 մմ տրամաչափի), որի հետևանքով էլ վնասվել է ճանապարհից մոտ 3 մ լայնությամբ և մոտ 6 մ երկարությամբ հատված. երթևեկությունը դարձել է միակողմանի։

Ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձոր քաղաքի (մոտ 60%-ի), Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի ս.թ. փետրվարի 15-ին, ժամը 08:30-ին:

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԿԵ քաղաքաշինության կոմիտեի և ԿԵ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներին:

Ժամը 01։47-ին կապ է հաստատվել «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենի հետ, ով հաղորդել է, որ ավտոճանապարհը մաքրվել է, երթևեկությունը վերականգնված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս