Ձերբակալել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Դոմինիկ դը Վիլպենին
Փարիզում այսօր առավոտյան հարցաքննությունից հետո ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Le Monde-ին, դը Վիլպենը կասկածվում է Relais & Châteaux ընկերության աշխատակիցների անօրինական գործունեությանն աջակցելու մեջ:
Անցած տարվա նոյեմբերին Ստրասբուրգի դատարանը «կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում խաբեության» մեղադրանքով ձերբակալել էր ընկերության նախկին նախագահ և դը Վիլպենի մտերիմ ընկերոջը՝ Ռեժի Բուլոյին: Հետաքննության տվյալներով՝ 2002-2008 թթ. ընթացքում, օգտագործելով գաղտնի կոմիսիոն վճարումների համակարգը, Բուլոն իրացրել է մոտավորապես 1.6 մլն եվրո:
Քննիչները կարծում են, որ վարչապետի պաշտոնում լինելու տարիներին (2005-2007թթ.) դը Վիլպենը հովանավորել է իր ընկերոջը և օգնել է նրան խուսափել պատժից:
Նախկին վարչապետը հարցաքննության է կանչվել իր և Բուլոյի վերջերս ի հայտ եկած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հիման վրա: Զրույցներից մեկում քաղաքական գործիչն ասել է, որ կարողացել է Relais & Châteaux-ի նոր ղեկավարությանը ստիպել չդիմել ոստիկանություն՝ ընկերության նախագահի խաբեության մասին իմանալուց հետո:
«Վախեցրել եմ նրանց տասն անգամ ավելի, քան նրանք կարող էին պատկերացնել», – պարծեցել է նա Բուլոյին:
Նախկինում դը Վիլպենը վստահեցնում էր, որ ոչ մի առնչություն չունի այդ գործի հետ: