Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավարի կողմից անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` «Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» վերնագրով: Ըստ հոդվածագրի` նշված համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ՝ սեպտեմբերի 10-ին տվյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու և բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու հանձնարարությամբ:
Բացի այդ, Ա. Ղուկասյանի կողմից նույն համայնքի մեկ այլ անչափահասի` Ա. Պ.-ին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ներգրավվել է նոր մեղադրող: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մեղադրանքի պաշտպանությանը դատարանում կմասնակցի նաև Վայոց Ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանը:
Միաժամանակ դատարանից պահանջվել են տվյալ քրեական գործով դատաքննության նյութերի պատճեները, իսկ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնից` Ա. Մ.-ի նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված նոր քրեական գործով համատեղ ընթացք տալու համար:
Բացի այդ՝ հանձնարարվել է գործով նոր ներգրավված դատախազին քրեական գործով հաջորդ դատական նիստին հանդես գալ դատաքննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածով սահմանված կարգով, երկու ամսով հետաձգելու մասին միջնորդությամբ: