«Կա՛մ մի հրապարակեք, կա՛մ էլ` Գլխավոր դատախազությունը թող «չջրի»»

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը Վերահսկիչ պակատի 2011թ.  տարեկան հաշվատվության քննարկման ժամանակ` անդրադառնալով  պետական գնումների որոշման գործընթացին՝ նշեց, որ դրանք փաստացի շեղվում են շուկայական գներից:

«Գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության:  Մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում՝ իրական մրցակցությունը տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ՝ արտամրցութային պայմաններում: Հաջորդը՝ մրցույթների մասնակիցները հիմնականում հանդիսանում են միջնորդներ, այլ ոչ թե տվյալ ապրանքը ներկրող կամ արտադրող: Այս բոլոր մեղադրանքները բացահայտ քրեաիրավական բնույթ են կրում: Եվ հիմա ինձ մեկ այլ բան է հետաքրքրում. ըստ էության, Ձեզ էլ է նշանակել կամ ընտրել քաղաքական մեծամասնությունը, և գլխավոր դատախազին էլ` նախագահի ներկայությամբ, ընտրել է գլխավոր դատախազությունը: Հիմա նույն երևույթներին ինչպե՞ս կարող են տարբեր մարմիններ տարբեր պատասխաններ կամ տարբեր գնահատականներ տալ՝ կամ՝ Դուք եք ճիշտ, որովհետև այս միլիարդների չարահումներով ես չեմ տեսել միջինից գոնե մի աստիճան  բարձր որևէ պաշտոնյայի քրեական պատասխանատվության մասին… Հիմա ես ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ՝ կամ ՎՊ-ի ամբողջ գործունեությունը լուծվում է արտադատական կարգով, կա՛մ Դուք մի հրապարակեք, որ Գլխավոր  դատախազությանը վատ վիճակի մեջ չդնեք, կամ թող նրանք «չջրեն»»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Ի պատասխան, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց. «Ես կարծում եմ, իրոք, կա հասունացած բան. գուցե մենք ՎՊ-ի մասին հոդվածը վերանայենք և փորձենք ավելի հստակ դնել խնդիրը: Կամ ստեղծել այնպիսի մի հոդված կամ ընդունել մի մեխանիզմ, որ մեխանիկորեն այս գործերը գնան ուր որ հարկն է: Կարծես պետք է մտածել, և այս առումով կակնկալեմ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի աջակցությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս