Հայ-ադրբեջանական շփման գծի ԵԱՀԿ հերթական դիտարկումը` սեպտեմբերի 12-ին

Հայ-ադրբեջանական շփման գծի ԵԱՀԿ հերթական դիտարկումը կանցկացվի սեպտեմբերի 12-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը, դիտարկումը տեղի կունենա Օմարի լեռնանցքի շրջակայքում` ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Դիտարկմանը ԼՂ-ի կողմից կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական, փոխգնդապես Խրիստո Խրիստովը, իսկ Ադրբեջանի կողմից դիտարկումը կիրականացնեն դաշտային օգնական Բիրժի Աբերլեն եւ անձնական օգնական Վիլյամ Պրայերը: «Կլինի հերթական դիտարկում: Հանդիպման հնարավորության մասին որեւէ լրացուցիչ բան չի հաղորդվել»,- ասաց Մարսել Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս