Ռուբեն Հայրապետյանի կալիբրի մարդուն կամ որևէ օլիգարխի ոստիկանություն բերելուց ու բաց թողնելուց հետո լուրջ հարցեր են առաջանում. փաստաբան

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի թեման շարունակում է մնալ հասարակական օրակարգի առաջին հորիզոնականում, բայց ես չեմ հասկանում, թե բարձր դատարանի վերաբերյալ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծն ինչպե՞ս կարելի է համարել Սահմանադրությանը չհակասող, եթե դրա վերաբերյալ չի լինելու Սահմանադրական դատարանի որոշում։ Ինձ համար անհասկանալի է նաև, առանց սահմանադրության պարտադիր նորմը հաղթահարելու՝ այս քաղաքական իշխանությունն ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել։

Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ շեշտելով, որ բացառապես սահմանադրական փոփոխություններով է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի գործող կազմի փոփոխության։

«Այն կարծիքին եմ, սակայն, որ հիմա չի հասունացել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, և այդքանով հանդերձ՝ կարևոր է նշել, որ հենց այդ նույն Սահմանադրությունն է, որը սահմանում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատման սկզբունքները, հետևաբար՝ յուրաքանչյուր սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցում յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվության չափը, և եթե կլինեն քայլեր, որոնցում առկա են Քրեական օրենսգքով նախատեսված արարքներ, ապա բոլորը պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առաջ»,- ասաց փաստաբանը։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը Նորայր Նորիկյանը պայմանավորեց բացառապես «Մարտի 1»-ի գործով և Ռոբերտ Քոչարյանի շուրջ տիրող իրավիճակով։

«Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, նրա նկատմամբ քրեական հետապնդման սահմանադրականության խնդիրը, վստահեցնում եմ՝ մենք Սահմանադրական դատարանի մասին չէինք էլ հիշի»,- ասաց փաստաբանը։

Ըստ Նորիկյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակն արդեն հատել է Հայաստանի Հանրապետության սահմանները, և դրա ապացույցն են նաև  Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները։

«Անթույլատրելի էր վիճակը հասցնել այն մակարդակի, որ միջազգային կազմակերպություններն ապտակ հասցնեն կամ դեղին քարտ ցույց տան Հայաստանի Հանրապետությանը։ Բոլորը սրանից պետք է հետևություններ անեն, որովհետև այդ հայտարարությունները ՀՀ միջազգային վարկին վնասող հայտարարություններ են։ Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ընդհանրապես անընդունելի է, որ որևէ միջազգային կառույց մեզ դիտողություն է անում, այն էլ՝ տարրական պատկերացումների վերաբերյալ։ Չեմ հասկանում՝ մենք ինչո՞ւ ենք թույլ տվել հարաբերությունների այսպիսի մակարդակ»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև վերջին օրերին երկրում ընթացող այլ զարգացումներին, մասնավորապես՝ առանձնացրեց մի շարք ընդդիմախոսների և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բերման ենթարկելու գործընթացը։

«Ուզում եմ ոստիկանությունը պարզաբանի, թե այս գործընթացներով ի՞նչ ուղերձ է տալիս հանրությանը։ Ես ուզում եմ, որ ոստիկանությունն իր ցանկացած արարքի վերաբերյալ ունենա պարզաբանում։ Եթե Ռուբեն Հայրապետյանին բերել-հասցրել եք ոստիկանություն, ուրեմն այնքան ծանրակշիռ փաստեր պետք է ունենաք, որ հարցեր չառաջանային։ Եթե Ռուբեն Հայրապետյանի կալիբրի մարդուն կամ օլիգարխներին բերում եք ոստիկանություն և մեկ ժամ անց բաց թողնում, առաջանում են խնդիրներ ու ծնվում հարցեր»,- ասաց Նորիկյանը՝ շեշտելով, որ իրավապահ համակարգի նման գործելաոճը հանգեցնում է այդ համակարգի նկատմամբ վստահության նվազեցման կամ առհասարակ բացակայության։

Ըստ փաստաբանի՝ խնդիրներ և հարցադրումներ են առաջանում նաև, երբ համեմատում ես իշխանության ասածներն ու արածները։

«Երբ ասում են, որ նախկին համակարգի օլիգարխները, թալանչիները և այլն թալանել են, բայց ասելուց երկու տարի անց չկա կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ գեթ մեկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, այստեղ առաջանում են շատ լուրջ հարցեր ու խնդիրներ»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև վերջին շրջանում բանակում արձանագրված մահերին ու տեղեկացրեց, որ ուսումնասիրել է Զինված ուժերում արձանագրված մահերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ու կայացված դատական ակտերը և արձանագրել հետևյալը.

«Այդ բոլոր գործերում կարմիր թելով անցնում են հետևյալ հանգամանքները՝ պատվի և արժանապատվության ստորացում, ծաղրուծանակի ենթարկելու, ծնողների ստորացման, անկողին հավաքելու հետ կապված վեճեր և նման այլ հանգամանքներ, իսկ դրանք պատկան մարմինների կողմից ամուր կամք դրսևորելու դեպքում կարող էին գոնե նվազագույնի հասցվել»,- ասաց Նորիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ պետք է պոկվեն այն գեներալների ուսադիրները, որոնք սերմացու գողացող մկներ են, և որոնց մասին, ցավոք, այդպես էլ չիմացանք։

«Ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ սերմացու գողացող մկները պատասխան են տալու, և հիմա ես ուզում եմ, որպես ՀՀ քաղաքացի՝ հարց տալ՝ ովքե՞ր են այդ սերմացու գողացող մկները, որոնք լափում են զինվորի բաժինն ու վայելում դա։ Անպատժելիության մթնոլորտից է, որ մենք բանակում ունենում ենք նման ողբերգական դեպքեր»,- խոսքը եզրափակեց Նորիկյանը։

Հ.Գ. Նկատենք, որ հաղորդման նկարահանումից հետո հայտնի դարձավ, որ Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծում կատարվել է փոփոխություն, և վաղը՝ փետրվարի 6-ին, արտահերթ նիստում քննարկման կդրվի նախագիծը, որով առաջարկվում է Սահմանադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ընտրվել են 2018 թվականի ապրիլին Սահմանադրության վերը նշված 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, հետևաբար՝ նշանակում է, որ նախագծի ընդունումից հետո կավարտվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս 6 դատավորների պաշտոնավարման ժամկետը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս