Բաժիններ՝

2011 թվականին մասնավորեցվել է 3 ընկերություն

2011թ. բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է ներկայումս գործող Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրում ընդգրկված 3 ընկերություն: Մասնավորեցումից ընդհանուր առմամբ ստացված միջոցները կազմել են 365,9 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այդ գումարից շուրջ 283,1 մլն դրամը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին, 82,8 մլն դրամը` համայնքների բյուջեներ: Այս մասին նշված է Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի վերջին նիստում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից խորհրդարանի հաստատմանը ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2011թ. տարեկան հաշվետվության մեջ:

2011թ. մասնավորեցված ընկերություններից 2-ի բաժնետոմսերը վաճառվել են նախօրոք հայտնի գնորդին` ռազմավարական ներդրողներին, իսկ 1-ինը՝ աշխատավորական կոլեկտիվին:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲԸ-ների գնորդ «Մոսսթոն էնջինիրինգ» ընկերությունը պարտավորվել է պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում մասնավորեցված ընկերություններում կատարել 3,4 մլրդ դրամի չափով ներդրումներ, երկու տարվա ընթացքում ապահովել 180 նոր աշխատատեղ, տասը տարվա ընթացքում չփոխել մասնավորեցված ընկերությունների հիմնական գործունեության ուղղվածությունը, ապահովել մասնավորեցված ընկերություններում պետական պատվերների առաջնահերթ կատարումը և ընկերությունների մասնակցությունը սահմանված կարգով հաստատված զորահավաքային ծրագրերին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությանն ազատել իր նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարից` շուրջ 2,38 մլրդ դրամի չափով:

Հաշվետու ժամանակաշրջանում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից 2011թ. տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 46 մլն 385 հազար 149 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս