Բագրատ Ասատրյան. «Մաքսակետում աշխատողների տեղը ես ամոթ եմ զգում»
«Ինչ վերադարձել եմ Վրաստանում անցկացրած հանգստից, այն ինձ, անկեղծ ասած, հանգիստ չի տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Տասը տարի առաջ մենք ավելի առաջադեմ էինք: Հիմա Վրաստանը զարգացող մոբիլ, դինամիկ երկիր է: Այնտեղ տեսանելի է , որ պետությունը գործում է։ ՀՆԱ-ի մեկ շնչի ցուցանիշով Հայաստանին անցավ: Դրանով իսկ Վրաստանը ցույց է տալիս, որ այն զարգանում է»,- ասաց Բ.Ասատրյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, չհակասելով Բ.Ասատրյանին, մեկնաբանեց. «Ես միանգամային համաձայն եմ Բագրատ Ասատրյանի հետ: Իրոք, Վրաստանն առավել արագ է զարգանում: Վրաստանին վերաբերող գնահատականը դրական է»։
Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը Վրաստանի զարգացման իր սեփական բացատրությունն ունի։ «Վրացիները սկսել են հպարտանալ իրենց հայրենիքով: Հնարավոր է՝ դա արհեստական և ժամանակավոր բնույթ կարող է կրել: Հիմնական օգնականն էլ ԱՄՆ-ն է,- ասաց Մ. Բադեյանը և հավելեց,- Մեզ մոտ էլ շուտով այդպես կդառնա: Բագրատաշենի մաքսակետը վերանորոգվում է, և շուտով մենք էլ կունենանք զարգացած մաքսակետ (նշենք, որ Բագրատաշենի անցակետն այսօր վրացականին չի զիջում և անհամեմատելի է մի քանի տարի առաջվա պատկերի հետ։ Փոխարենը՝ անմխիթար վիճակում է Բավրայի անցակետը.- Ե.Կ.)»։
Մանվել Բադեյանի արած մեկնաբանությանը ՀԱԿ անդամը հակադարձեց. «Ժողովուրդը մեղք է: Բոլորդ դիմում գրեք և դուրս եկեք իշխանությունից: Պետք է վերջ տալ օլիգարխիկ համակարգին: Այսպես շարունակել էլ չի լինի: Հնարավոր չի՝ մեզ մոտ նորմալանա: Ես ամաչում եմ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի սահմանը հատելով, տեսնում են արևածաղիկ չրթող մաքսայինի պետական աշխատողին»,- ասաց Բ.Ասատրյանը: