ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը
Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից:
Ըստ հաղորդագրության` ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ։ Եվ այսպես.
Շիրակի մարզ՝ 11 ահազանգ, 8 արագ արձագանքում:
Լոռու մարզ՝ 25 ահազանգ, 7 արագ արձագանքում:
Սյունիքի մարզ՝ 1 ահազանգ:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման կամ ընդհանրապես չանհետացման (5 ահազանգ), ընտրությունների ընթացքում անձանց կողմից ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (3 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (7 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (1 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ), տեղամասային կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (15 ահազանգ) և այլ դեպքեր (4 ահազանգ)։
Վերոնշյալ խնդիրները,ըստ Պաշտպանի գրասենյակի` հանդիպել էին նաև 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, որոնց Պաշտպանը մանրամասնորեն անդրադարձել էր իր արտահերթ զեկույցում և առաջարկել խնդիրների համակարգային լուծումներ։