Սեպտեմբերի 10-ը՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր

Հայաստանում ինքնասպանությունների թվի աճ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը:

«Պետք է շնորհակալ լինենք մեր գեներին, որ բավական ուժեղ ենք, և կարողանում ենք խնդիրները հարթել ու ինքնասպանության չգնալ»,- նշեց Սամվել Թորոսյանը: Նրա կարծիքով՝ վիճակագրական տվյալները համապատասխանում են իրականությանն ու արտացոլում են ճիշտ պատկերը:

Ս. Թորոսյանը նաև նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Հայաստանն ինքնասպանությունների թվով գտնվում է նախավերջին տեղում, հետևաբար՝ վիճակն այստեղ անհանգստության տեղիք չի տալիս: Նրա հաղորդմամբ`ինքնասպանությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են Լիտվայում, որտեղ դրանց թիվը 20 անգամ գերազանցում է Հայաստանի տվյալները:

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2009- 2012թթ. ընթացքում ինքնասպանությունների թիվը չի աճել:

Հոգեբույժը նշեց, որ ինքնասպանություններ ավելի շատ գործում են դեռահասներն ու 65 տարեկանից բարձր անձինք: Նա նաև ասաց, որ Հայաստանն այլ երկրներից տարբերվում է նրանով, որ խաղամոլությունն ու ալկոհոլիզմն այստեղ շատ տարածված չեն. վերջիններս ինքնասպանության համար նախապայմաններ են ստեղծում: Ըստ նրա՝ անհրաժեշտ է առավել ուշադիր ու հոգատար լինել շրջապատի նկատմամբ՝ ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս