«Մեղրիի ՀՀԿ-ական, պարտված թեկնածուն պետք ա ինքն իրան աջակցեր»

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երեկ Մեղրիում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՀԿ թեկնածուի պարտությունը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Ինչո՞վ է պայմանավորված` իր աշխատանքով: Դե, փաստն էդպես է ցույց տալիս, որ Արշավիր Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի հարգանքն ավելի շատ էր»:

Իսկ հարցին, թե ինքը` որպես ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, չի՞ սատարել ՀՀԿ-ի թեկնածուին, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն մարդ պետք ա ինքն իրան աջակցի: Եթե 4 տարի չաշխատի, վերջին մի ամսվա մեջ էդ մարդը ո՞նց  ընտրվի: Կարծում եմ, թե դա չի ստացվի: Դե, ես ինչքան էլ գոհ լինեմ, դժգոհ լինեմ, համենայնդեպս, ժողովուրդն է գնահատականը տալիս»:

Իսկ հարցին, թե՝ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Կապանի ՏԻՄ ընտրություններին բացահայտորեն սատարել եք ՀՀԿ-ի թեկնածուին, ով հաղթանակ է տարել, մինչդեռ Մեղրիի ՀՀԿ-ի թեկնածուին չեք աջակցել, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Ես Մեղրիի թեկնածուին սատարել եմ, բայց ժողովուրդն իրեն չի օգնել: Փորձը ցույց  ա տալիս, որ ժողովուրդն ամենամեծ որոշողն ա, ու ինքն ա որոշում: Ժողովուրդը մշտապես իմաստուն ա: Ինքն ա որոշում, թե ո՞վ կլինի իր առաջնորդը, իր քաղաքապետը: Եվ կարծես թե դա այնպիսի խնդիր ա, որ  ոչինչ անել չես կարող,  քանի որ պետք է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, արածը գնահատել: Հիմա, փաստորեն, դա այնպիսի խնդիր է, որ… Մեղրիի քաղաքապետի աշխատանքն ինչքան էլ շատ ենք արել, ինչքան էլ նույնն ենք արել, ինչ Ագարակում և Մեղրիում, կարող եմ հստակ ասել, որ Մեղրիում մի քիչ ավելի շատ ա արված, բայց, քանի որ ժողովուրդն է որոշողը, գործող քաղաքապետին «ոչ» ասեց: Եվ կարծում եմ` ժողովրդի կամքին դեմ գնալը չի կարելի, երկրորդ հերթին չի կարելի»:

Իսկ մեր այն նկատառմանը, թե Կապանում ժողովրդին ընտրության այլընտրանք չէին թողել, և, իր նշած «ժողովուրդը » բողոքում էր դրա դեմ, մարզպետը չհամաձայնեց. «Չեմ կարծում: Ուրեմն` Կապանը` որպես սոցիալական խնդիր ունեցող քաղաք, եթե դուք տեղյակ եք, Կապանում Խորհրդային Միության տարիներին գործում էին 13 հզոր գործարաններ, որոնցից 12-ը եղել ա միութենական ենթակայությամբ: Կապանում գործազրկությունը հանրապետության միջինից 1,9 անգամ ավելի է: Սոցիալական խնդիր ունեցող քաղաքում, եթե 60%-ն ընտրում է թեկնածուին, դա արդեն չի խոսում այն մասին, որ այլընտրանք չենք թողել»:

 

Տեսանյութեր

Լրահոս