ՀՀԿ-ն Մեղրիում պարտություն է կրել
Երեկ ավարտվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում` Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Իսկ 18 քաղաքային համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ` Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում:
Նախնական արդյունքների համաձայն` Կապանի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը. նրա օգտին քվեարկել է 10.261 ընտրող, իսկ դեմ` 6 075 ընտրող: Անվավեր է ճանաչվել 858 քվեաթերթիկ:
Նշենք, որ Կապանի ՏԻՄ ընտրություններին 30.496 ընտրողներից մասնակցել է 17.366-ը կամ ընդհանուր ընտրողների 56.59 %-ը: Քաջարանի քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանը, Դաստակերտում հաղթել է ՀՀԿ թեկնածու Նաիրի Ֆիլոսյանը, Ագարակում` ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը, իսկ Մեղրիում ՀՀԿ-ական թեկնածուն պարտություն է կրել` անկուսակցական, անհատ ձեռներեց Արշավիր Հովհաննիսյանից: Սիսիանում քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը: