Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը. նա ընդունել է ցեղասպանության փաստը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես գրված է.

«Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի Հայկական Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանն ամիսներ առաջ դիմել էր Սլովակիայի գլխավոր դատախազություն` պարզելու Սլովակիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանուհի Գյուլհան Ուլութեքինի կողմից Սլովակիայի Քրեական Օրենսգրքի 424a հոդվածի, այն է` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրենքի վերոհիշյալ պարագարաֆի  խախտման շուրջ, որի դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:

Խոսքն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության Հուշաքար-խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառման դեմ դեսպանուհու գրած արձագանքի մասին էր, «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» վերնագրով` հրապարակված «Տիժդեն» շաբաթաթերթի մայիսի 4-ի համարում, որտեղ դեսպանուհին կասկած էր հայտնել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ «այդ ժամանակաշրջանում առավել շատ թուրքեր են կոտորվել»:  Եվ ահա դատախազության հանձնարարությամբ Սլովակիայի ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանուհու հետ և ստացել է հստակ պատասխան, որը մեջբերում ենք. «….դեսպանուհին այդ հարցի շուրջ (ի նկատի ունեն Հայոց Ցեղասպանության փաստը) արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն և կասկածի տակ չի դնում այն,  (ասել է, թե Հայոց Ցեղասպանությունը): «Հետևաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, այս հարցի շուրջ ունենալով հենց իր` դեսպանուհու անձնական կարծիքը  հայտնի դեպքերի,  փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել» : Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման` թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա և դիվանագետ,  չի հերքում Հայոց Ցեղասպանության փաստը:

ԵՀՄՖ-ն Սլովակիայի ՆԳ նախարարության կողմից վարած աշխատանքները համարում է բավարար և ընդունում, որ Թուրքիայի դեսպանուհու տված բացատրություններն իսկապես հաստատում են Հայոց Ցեղասպանության փաստը և սրանով նա դառնում է առաջին թուրք դեսպանն աշխարհում, որն ընդունում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված կոտորածները որպես ցեղասպանություն:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղղել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի տ.Գյուլհան Ուլութեքինին և պատճեն` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլիին` հայտնելով խորին շնորհակալություն անկեղծ խոստովանության համար, սա համարելով մեծ նվաճում հայ-թուրքական հարաբերություններում պարզություն մտցնելու կարևոր գործում: Միաժամանակ ԵՀՄՖ-ն հույս է հայտնում,որ այս առաջին ձեռքբերումը հիմք կհանդիսանա Թուրքիայի ԱԳՆ-ի համար նույն ոգով շարունակելու  Հայոց Ցեղասպանության շուրջ պարզաբանումները և կարճ ժամանակում գալու ընդհանուր հայտարարի և համանման հայտարարությամբ հանդես գալու արդեն ողջ աշխարհի առջև:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, սա կլինի մեծ նվեր հայ և թուրք ժողովուրդների համար Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ»:

Տեսանյութեր

Լրահոս