«Փաշինյանը իմ սենյակում սուրճ է խմել, հիմա շողոքորթե՞լ եմ իրեն». Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անլրջացրել է և հավասարեցրել խոզի բդի, հնդուհավի, զուգարանների, բլինչիկների և «ճտիկով» գրիչի մակարդակի։
«Դժբախտաբար, մենք ունենք գործադիր իշխանություն և ղեկավար, որը հասարակությունը բաժանում է սևերի ու սպիտակների, և վարչապետ Փաշինյանի քաղաքական ու մարդկային իրական դեմքը ցույց տվեց Կապանում՝ լրագրողների հարցերին ի պատասխան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներոնն է, իսկ նրա ճակատագիրը շատ վատ ավարտ ունեցավ։ Լո՞ւրջ եք համարում, երբ վարչապետը փաստեր է հրապարակում Արցախի հարցի վերաբերյալ ու հղում անում մամուլին, երկու տարի է՝ վարչապետն է բանակցում, բայց նա հղում է անում մամուլին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչ փաստեր կավելացնի վարչապետի հրապարակած 100 փաստերին։
Ըստ ՀՀԿ խոսնակի, Նիկոլ Փաշինյանը «փուռն» է տալիս Արցախի նախագահի թեկնածուներին և նրանց պատին դեմ տալով ասում է, որ իրենց կարծիքն ասեն Արցախի հարցի հետ կապված։
«Հիմա ես ուզում եմ հարցնել՝ բա վարչապետ Փաշինյանի կարծիքը ո՞րն է այս հարցում։ Վաղը Բանակի օրն է, թող հրապարակի իր կարծիքը Արցախի հարցի հետ կապված։ Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը որևէ հարցում հայեցակարգ չունի, բացի քանդելու հարցից, նա դասական մերժողական է։ Մեզ քննադատում էր, որ փոխզիջոմներ են լինելու Արցախի հարցում, բա այդ ի՞նչ փոխզիջումներ է ինքը անելու, որ Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու է լինելու, թող ասի՝ իմանանք։ Հորդորում եմ, որ նա 3 միլիոն վարչապետներին ներկայացնի իր հայեցակարգը։ Եթե մի մարդ քուչի «պացանի» բառապաշարով է խոսում, դրան լո՞ւրջ եք վերաբերվում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա՝ վարչապետին տված գրիչի վերաբերյալ Փաշինյանի հրապարակումներին, Շարմազանովը նկատեց, եթե այդպես լինի, ապա մամուլի ասուլիսներին կա՛մ ինքն է գրիչ տվել լրագրողներին, կա՛մ լրագրողներն են իրեն տվել, հիմա ո՞վ է ում շողոքորթել։
«Փաշինյանն իմ սենյակում սուրճ է խմել, հիմա շողոքորթե՞լ եմ իրեն։ Ռուսաստանի, եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ նվերների փոխանակում է եղել մեր միջև, հիմա ե՞ս եմ իրենց շողոքորթել, իրենք էլ՝ ի՞նձ, այս ամենը շատ անլուրջ է։ Երկրորդում եմ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ասածը, որ նոր վարչապետ պետք է ընտրվի, նաև ամբողջ Կառավարությունը պետք է հրաժարական տա, և անցկացվի նոր արտահերթ ընտրություններ։ «Իմ քայլն» ի վիճակի չէ վարչապետացու տալ։ Պետք է խորհրդարանը՝ «Հայկական ժամանակի» ժողովը, լուծարվի, պետության շահն այդպես է պահանջում, և ընտրվի նորմալ խորհրդարան»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ մի շարք անդամներ Էդուարդ Շարմազանովի և կուսակցության երիտթևի հետ այցելեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին։