Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ձևաչափը կարող է փոխվել. Ռուսաստանի ԱԳՆ
Սիրիայից ՄԱԿ-ի դիտորդների հեռանալը լրջորեն կբարդարցներ իրավիճակը երկրում և ամբողջ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի հետ կապերի բաժնից:
«Ամեն դեպքում, մենք կողմ ենք Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատի երկարացմանը, որի ձևաչափը կարող է փոխվել՝ ելնելով այսօրվա դրությամբ այդ երկրում առկա դրությունից»,- ասել են ԱԳՆ-ից:
Նախարարությունում կարծում են, որ Սիրիայում դիտորդական առաքելության հեռացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Միջազգային դիտորդական առաքելությունը Սիրիա է ուղարկվել ապրիլին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին ժամանակավորապես 30 օրով երկարացրեց դիտորդների մանդատը Սիրիայում: Հուլիսի վերջին պարզ դարձավ, որ դիտորդների թիվ այդ երկրում կրկնակի կրճատվել է՝ հասնելով 150-ի: