Սաֆարովին ներելը չի նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: ՆԱՏՕ-ն աջակցել և շարունակում է աջակցել Մինսկյան գործընթացին և այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերին:

Չիկագոյի գագաթնաժողովի հռչակագրում հստակ շարադրված է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում լարվածության նվազեցման, համագործակցության ու խաղաղության հաստատման ուղղությամբ: Հուսով ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի այլընտրանք:

Մենք անհանգստացած ենք Ռամիլ Սաֆարովին ներելու կապակցությամբ: Այդ քայլը չի նպաստում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», ըստ ադրբեջանական Salam News-ի, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ադրբեջանում Ռասմուսենը երեկ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:

Տեսանյութեր

Լրահոս