«Ադրբեջանի հեղինակությունը և իմիջը խիստ վնասված են»

Չեխիայի Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում այսօր Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը` անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու մասին հայտնի դեպքին, դիմելով Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին, ասել է. «Հունգարիայի աննախադեպ խայտառակ  որոշմամբ և հատկապես՝  ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում» կասկածի տակ է դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»: Նաև հետաքրքրվել է, թե այս առնչությամբ կոնկրետ ի՞նչ դիրքորոշում ունի Չեխիան:

Ի պատասխան, Կարել Շվարցենբերգն ասել է. «Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Մեր դիրքորոշման և զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի  դեսպանին»:

Նա նաև ընդգծել է. «Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, և այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ»:

Խոսելով Ադրբեջանի իշխանությունների գործողությունների մասին, Չեխիայի առաջին փոխվարչապետը նշել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաև իրենց՝ Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հարցն է: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը և իմիջը խիստ վնասված են»:

Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունները «վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը, և, ի վերջո՝ վնասում Ադրբեջանին»:

 

Տեսանյութեր

Լրահոս