ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է: Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ է գործում,-նշել են նախարարությունում:-Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»:
«Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջեւ կվերսկսվի առարկայական խոսակցությունը: