«Երբ եկել ենք, բնակարանում եղել են Գևորգ Կուտոյանի կինն ու հայրը. դին հայտնաբերել է կինը». Քննչական կոմիտեի պետի տեղակալ

«Մենք եկել ենք դեպքի վայր, եղել են Կուտոյանի կինն ու հայրը»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ պատասխանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին լրագրողների մի շարք հարցերին:

Արթուր Մելիքյանը մի շարք հարցերի չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ  դեպքի վայրում աշխատող քննչական փորձագիտական խումբը դեռ գործողություններ է իրականացնում:

«Մենք հայտանաբերել ենք Կուտոյանի դին, դեպքի վայրի զննություն է կատարվում, որպեսզի արդյունքում Ձեր հարցերին կարողանամ պատասխանել»,- ասաց Մելիքյանը:

Հարցին, թե արդյոք զենքը պատկանե՞լ է Գ. Կուտոյանին, Մելիքյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել են կինը և հայրը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ են ասում հարևանները, նա պատասխանեց, որ տեղյակ չէ:

«Նախնական այն, ինչ  օպերատիվ ծառայողները ներկայացրին, եկել են դեպքի վայր, կինն է հայտնաբերել: Մնացած ամբողջական ինֆորմացիան կճշտենք տեսախցիկներով և կտանք: Դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ կպարզվի՝ քանի վնասվածք է: Տեսախցիկներով աշխատում ենք, այդ հարցերի պատասխանները կլինի»,- ասաց Մելիքյանը՝ պատասխանելով հարցերին:

Նա նշեց, որ տեղանքն ամբողջականորեն կահավորված է տեսախցիկներով, և ներկայումս արդեն աշխատում են, որպեսզի այդ ինֆորմացիան չկորչի, ապացույց չկորցնեն:

Հարցին, թե ի՞նչ են ասում Կուտոյանի կինը, հայրը, ի՞նչ են կարծում՝ ինքնասպանությո՞ւն է, թե՞ ոչ, Մելիքյանը պատասխանեց.

«Այնպիսի վիճակում են, որ ինքներդ հասկանում եք… կինը եկել է ու ամուսնու դին…  Դեպքի վայրում զենք կա: Մասնագետների մասնակցությամբ զննությունը կատարվում է, դուրս կգամ և Ձեր հարցերին կպատասխանեմ»:

Նրա խոսքով, գործողությունները բավական ժամանակ կպահանջեն, քանի որ  քննչական  գործողություններին մասնակցում են գենետիկներ, քրեագետներ, դատաբժիշկներ, մի խումբ մասնագետներ են ներգրավված:

«Ես այստեղ եմ և գնալուց կասեմ, որ գնում եմ»,- ասաց Մելիքյանը:

Հարևաններից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կուտոյանի ընտանիքը հանգիստ ընտանիք է եղել:

Տեսանյութեր

Լրահոս