Բաժիններ՝

«Նախարարն ուղղակի չի տիրապետում խնդրին. գումարը մեզ փոխանցվել է չորս ամիս առաջ». Կարեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան արձագանքել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ իր հեղինակային «Սա Հայաստան է և վերջ» հաղորդման ժամանակ արած հայտարարությանը, որ 2020 թվականի պետական բյուջեում բացակայում է նոր «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման հոդվածը, ինչը կարող է ԿԳՄՍ-ում հանգեցնել սաբոտաժի։

Արայիկ Հարությունյանը կիսվել էր հաղորդման հղումով՝ գրելով, որ «նման հայտարարություն անում է մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում»:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար:

ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:

Հ.Գ. Ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»,- գրել էր նախարարը։

Նախարարի այս գրառումից հետո Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց, թե ինչ է ասել հաղորդման ընթացքում, և իր հնչեցրած ահազանգն ինչ նպատակ է ունեցել.

«Ըստ էության նկարագրված էր իրավիճակը, և մենք ԿԳՄՍ նախարարության կողմից սպասում էինք արձագանքի, սպասում էինք, որ նախարարն իսկապես շահագրգիռ ձևով կքննարկի, թե ինչպես է կատարվում այդ սաբոտաժը։ Մենք մի քանի անգամ նկատել ենք, որ նախարարին ստորագրության են տրվում նամակներ, որոնք բովանդակությունից զուրկ են և հակասում են նախարարության ընթացակարգին, նախարարը հրապարակում է թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- ուղիղ եթերում ասաց Կարեն Վարդանյանը։

168.am-ի հետ զրույցում Կ. Վարդանյանը նույնպես հաստատեց, որ նախարարի հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը։

«Նախարարը պետք է իմանա, որ 2019 թվականի բյուջեի գումարը չի կարող ինձ հունվարին փոխանցել, դա անհնար է, նա որպես նախարար՝ ուղղակի չի տիրապետում խնդրին. այդ գումարը մեզ փոխանցվել է չորս ամիս առաջ»,- շեշտեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս