«Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ». Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ. «Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:
30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան:
Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց:
1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կազմակերպված՝ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանելու քաղաքականության հետևանք էին: Շուրջ մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բռնության և սպանությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց հասնել իրենց նպատակին. 1905 և 1918 թվականների ադրբեջանական վայրագությունները վերապրած Բաքվի հայկական համայնքը 1990 թվականի հունվարին դադարեց գոյություն ունենալ, իրենց ծննդավայրից զրկվեցին մարդիկ, որոնք Բաքուն համարում էին հարազատ և իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը:
Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:
Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը»։