«Պարգևավճարների առումով հանրությունը մի փոքր մեզ հասկացել է». ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՊԵԿ-ում տրված բարձր պարգևավճարներին, նշեց, որ պարգևավճարներ ստացել են բոլորը, այդ թվում՝ և՛ 2018-ին, և՛ 2019 թվականին:
«Մենք հանրության հետ երկխոսելու և հանրությանը որոշակի մտքեր ասելու անհրաժեշտություն ունեինք: Մի առիթով ասել եմ, որ շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ կա որոշակի վերապահում, ինչը լավ ճանապարհ չէ և լավ տեղ չի տանում: Այդ խնդրին անդրադարձել է նաև վարչապետը, որ եթե ցանկանում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, պետք է ունենանք գոնե այդ անձնակազմի և ոչ մասնավոր հատվածի՝ միևնույն մասնագիտության մեջ ֆինանսական մրցակցություն: Մենք ունենք ընտրություն, կա՛մ որոշակի արժանապատիվ գումարի չափ պետք է ապահովեինք, որպեսզի արտահոսք չլիներ, իսկ արտահոսք եղել է, ուղղակի ասեմ, որ նախորդ տարվա ընթացքում ՊԵԿ-ից 976 հոգի ազատվել է, մի մասը՝ սեփական դիմումի համաձայն, մյուս մասը՝ կրճատումների արդյունքում, և այլն, հետ ենք ընդունել 600-ից մի փոքր պակաս: Սերնդափոխություն ենք անում, բայց դրա հետ, ցավոք, ունենք այնպիսի անձինք, որոնք դիմում են ներկայացրել և այստեղից գնացել մասնավոր հատված»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ այս առումով, պարգևավճարների հետ կապված, հանրությունը մի փոքր իրենց ու Կառավարությանը հասկացել է:
Ըստ նրա, որպեսզի մարդն իր գործը լավ կատարի, կոռուպցիոն ռիսկեր չլինեն, ու դրա մասին չմտածի, նա պետք է ունենա միջին վիճակագրական արժեքային համակարգ և ֆինանսական վաստակի որոշակի չափ, որը կնպաստի, որ այդ արժեքային համակարգը որևէ կերպ չտուժի: