Բաժիններ՝

Ավստրալիայի իշխանությունները շուրջ 35 մլն դոլար կհատկացնեն հրդեհներից հետո բնության վերականգնմանը

Ավստրալիայի համերկրային կառավարությունը մոտավորապես 35 մլն դոլար կհատկացնի անտառային հրդեհներից հետո մայրցամաքի վայրի բնության վերականգնմանը: Ինչպես հունվարի 13-ին նշել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Սյուզան Լեյը, այդ գումարի կեսը ծախսվելու է կենդանիների, այդ թվում՝ կոալաների պոպուլյացիաների վերականգման վրա։

«Այսօր ես հայտարարել եմ՝ որպես բնության եւ վայրի կենդանիների բնակության միջավարի վերականգնման արտակարգ միջոցառում, 50 մլն ավստրալական դոլար (34,8 մլն դոլար) հատկացնելու մասին, ինչպես նաեւ այն բանի համար, որ օժանդակություն ցուցաբերվի գիտնականների, բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքին»,- նշված է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակված է Twitter-ում նրա էջում:

Սիդնեյի համալսարանի գիտնականներից մեկի՝ պրոֆեսոր Քրիս Դիքմանի ղեկավարությամբ կատարված հետազոտության տվյալներով՝ Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի է ոչնչացել ընդգրկուն անտառային հրդեհների հետեւանքով: «Պրոֆեսոր Քրիս Դիքմանը վերանայել է այն կենդանիների քանակի գնահատումը, որոնք անտառային հրդեհներից ոչնչացել են Նոր Հարավային Ուելսում՝ Նոր Հարավային Ուելսի նահանգում կորուստների հնարավոր չափը 480 միլիոնից ավելացնելով մինչեւ 800 միլիոն: Սպասվում է, որ համազգային մակարդակով անտառային հրդեհներից վայրի բնության կորուստները կկազմեն մեկ միլիարդից ավելի»,- ասված է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավստրալիայում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի բաժանմունքը (WWF Australia), հիմնվելով Քրիս Դիքմանի հետազոտության վրա, հրդեհների հետեւանքով սատկած կենդանիների թիվը գնահատում է 1,25 միլիարդ առանձնյակ: «Այդ սոսկալի կորուստը ներառում է հազարավոր թանկարժեք կոալաներ Նոր Հարավային Ուելսի նահանգի կենտրոնական եւ հյուսիսային ծովեզերքին, ինչպես նաեւ շատ այլ հազվագյուտ տեսակներ»,- ասված է ֆոնդի բաժանմունքի ղեկավար Դերմոթ Օ’Գորմանի հայտարարության մեջ:

Ընդգրկուն անտառային հրդեհներն Ավստրալիայի արեւելյան ծովեզերքին սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին: Կրակն զգալի տարածքներ էր ճարակել մայր ցամաքի հարավ – արեւելքում՝ Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգներում, հարավային ափի մի քանի տարածաշրջաններ փակ են զբոսաշրջիկների համար, իսկ դրանց բնակիչներն շտապ տարահանման կարգադրություն են ստացել: Հրդեհների հետեւանքով մայր ցամաքում ոչնչացել է ավելի քան 8,5 միլիոն հեկտար անտառ, շուրջ 3 հազար բնակելի տուն եւ ավելի քան 6 հազար վարչական եւ տնտեսական շինություն: 2019 թվականի հոկտեմբերից կրակի ճիրաններում զոհվել է 26 մարդ, այդ թվում չորս հրշեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս