Ռասմուսենը Թբիլիսիում վերահաստատել է Վրաստանին ՆԱՏՕ ընդգրկելու նպատակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր ժամանել է Վրաստան: Թբիլիսիի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, տեղեկացնում է վրացական apsny.ge գործակալությունը: Ռասմուսենը Թբիլիսի է ժամանել Երևանից, իսկ այնտեղից էլ մեկնելու է Բաքու:

Թբիլիսիի օդանավակայանից Ռասմուսենն ուղևորվել է նախագահական նստավայր, որտեղ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ռասմուսենը հայտարարել է.

«Եթե 2008 թվականի հակամարտության նպատակը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը միջամտելն էր, ապա այդ պլանը ձախողվել է, քանի որ որևէ երրորդ երկիր չի կարող միջամտել այդ հարցին: Դա ՆԱՏՕ-ի որոշելիքն է: Մեր դռները բաց են: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և կարծում ենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է որոշի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների բնույթը: Հուսով եմ, որ Ռուսաստանը կհարգի տվյալ սկզբունքը:

Վրաստանն իրականացրած բարեփոխումների շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցել: 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել է, որ Վրաստանն անդամակցելու է դաշինքին: Չիկագոյի գագաթնաժողովի ժամանակ մենք հստակորեն հայտարարեցինք, որ դա մնում է ուժի մեջ, և մենք հավատարիմ ենք այդ որոշմանը»:

Նշվում է, որ սա Ռասմուսենի երրորդ վրացական այցն է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռասմուսենն այսօր պետք է մեկնի նաև Վազիանիի ռազմաբազա, ուր և հանդիպելու է վրացի զինվորականների հետ:

Տեսանյութեր

Լրահոս