«Բալային համակարգի հարցը Սահմանադրական դատարան էլ է հասնելու». Գայանե Պապոյան
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բալային համակարգը, ըստ որի՝ վարորդները 1 տարվա համար 9 միավոր կստանան, և խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ կհանվեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանի պայմաններում բալային համակարգը ներդնելը ճիշտ էր, և որո՞նք են այդ համակարգի դրական և բացասական կողմերը:
«Առհասարակ կողմ եմ բալային համակարգին, շատ զարգացած երկրներ են այն կիրառում, և սա հիմնված է հենց շատ զարգացած երկրների փորձի վրա: Օրինակ՝ Գերմանիայում վարորդները շատ կարգապահ են, և դա նաև հենց բալային համակարգի շնորհիվ է: Գերմանիայում բալային համակարգն ավելի խիստ է, այնտեղ տարվա ընթացքում վարորդին տրվում է 6 բալ, և այս համակարգը գործում է, որովհետև Գերմանիան զարգացած երկիր է: Ինչ վերաբերում է ՀՀ-ում այն ներդնելուն, ապա դեռևս շուտ է, որովհետև մենք դեռևս զարգացող պետություն ենք: Նախ՝ պետք է պայմաններ ստեղծվեն վարորդների համար, որ նրանք փորձեն հնարավորինս զերծ մնալ խախտումներից, որից հետո նոր ներդրվեր բալային համակարգը: Սա մեզ մոտ կարելի է մոտավորապես 2-3 տարի հետո ներդնել»,- պարզաբանեց փաստաբանը:
Գայանե Պապոյանի խոսքով՝ բալային համակարգը ներդնելուց առաջ պետք էր լուծել, օրինակ՝ կայանատեղիների խնդիրը. «Կարմիր գծերը ներդրեցին, որպեսզի կայանման խնդիր չունենանք, բայց այդ խնդիրը դեռ առկա է: Այսօր նկատեցի, որ, օրինակ՝ Հալաբյան փողոցում կարմիր գծերի վրա կանգնած են տրանզիտային համարներով վաճառվող ավտոմեքենաներ: Այսինքն՝ պետությունը նախ պետք է այս հարցը լուծեր, գծանշումները թարմացվեին, լուծեին հետիոտնային անցումների խնդիրը, պատշաճ պայմաններ քաղաքացու համար ապահովելուց հետո նոր ներդնեին բալային համակարգը: Վարորդների բողոքներն արդարացի են. դեռևս բալային համակարգին անցնելու ժամանակը չէր»:
Փաստաբանը նկատեց՝ կարգազանց վարորդը կարգազանց էլ մնալու է և մտածելու է՝ ինչպես շրջանցի բալային համակարգը. «Երբ դեռևս նախագիծն էր քննարկվում, այն ժամանակ միայն ավելի ծանր զանցանքների դեպքում էր նախատեսվում բալերի հանում, իսկ նվազների դեպքում, նախկինի նման, միայն տուգանք էր նախատեսված: Ես դրան ավելի կողմնակից եմ, քան այն տեսքով, ինչ տեսքով ընդունվեց: Վերցնենք, օրինակ, երկրորդ շարքի խախտումը, որը նվազ ծանրության խախտում է համարվում, և 0.5 միավոր միայն դրա համար է հանվում, սակայն մենք ունենք ավտոկայանատեղիի խնդիր, տաքսիների խնդիր, տաքսիները մեզ մոտ լիցենզավորված չեն, մենք ունենք խանութների առաքիչների խնդիր, երբ կայանելու տեղ չկա, ու ստիպված երկրորդ շարք են կանգնում: Այսինքն՝ ՀՀ-ում բալային համակարգը կարող էին ներմուծել գոնե ծանր խախտումների դեպքում, օրինակ՝ հարբած վիճակում մեքենա վարելու, բարձր արագության դեպքում: Մեզ մոտ վթարները շատ են, և դրանց հիմնական պատճառը հենց բարձր արագությունն ու հարբած վիճակում մեքենա վարելն է, թող սրանց դեպքում լիներ, բայց ոչ՝ նվազ զանցանքների դեպքում: Ես օրինակն ինձ վրա բերեմ. պատկերացրեք՝ գնում եմ դատարան՝ դատական նիստի, և օրվա ընթացքում մի քանի դատական նիստ եմ ունենում, անհրաժեշտ է ժամանակին պատշաճ ներկայանալ: Կա ավտոկայանատեղիի խնդիր, եթե շատ հեռու կանգնեցնեմ մեքենաս, կուշանամ դատական նիստից: Որտե՞ղ կայանել: Ստիպված երբեմն երկրորդ շարք ենք կանգնեցնում, որպեսզի արագ մտնենք դատական նիստի: Եթե երկրորդ շարքում մեքենա է կանգնած, հետևից եկող վարորդն ինչպե՞ս չշրջանցի: Ստացվում է, որ երկուսն էլ տուգանվելու են»:
Հարցին՝ բալային համակարգի ներդրմամբ չի՞ ստացվում, որ վարորդները կրկնակի են պատժվում, այսինքն՝ և՛ տուգանվում են, և՛ բալ են կորցնում, նա այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հարցը Սահմանադրական դատարան էլ է հասնելու, որովհետև ստացվում է, որ նույն խախտման համար երկու պատժատեսակ է նախատեսվում՝ և՛ բալ են հանում, և՛ տուգանում են, որը որևէ կերպ չի տեղավորվում իրավական կարգավորումների մեջ: Կամ պետք է բալ հանեն, կամ՝ տուգանեն»:
Բալային համակարգի ներդրումը, ըստ նրա՝ նպաստում է նաև կոռուպցիային. «Ես արդեն լսել եմ բալերի վաճառքի վերաբերյալ, նաև լսել եմ, որ կան քաղաքացիներ, որոնք հավաքում են իրենց այն բարեկամների վարորդական վկայականների համարները, ովքեր արտասահմանում են գտնվում, բայց ունեն հայկական վարորդական վկայական, և փորձելու են այդ եղանակով շրջանցել: Այստեղ գալիս ենք իմ ասածին, որ, եթե ծանր զանցանքների դեպքում լիներ, այդ մասին չէին մտածի, կմտածեին ավելի կարգապահ վարորդ լինելու մասին»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում