Ադրբեջանի որոշումը խարխլում է վստահությունը

«Ես խորապես մտահոգված եմ ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու` Ադրբեջանի որոշմամբ: Ութ տարի առաջ տեղի ունեցած այդ շատ ողբերգական և սարսափելի դեպքը մի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել: Ադրբեջանի այդ որոշումը խարխլում է վստահությունը և չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Նաև շատ կարևոր է, որ սա դարձյալ չհանգեցնի հակամարտության: Հակառակը, այժմ կենսականորեն կարևոր է աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ և խրախուսել խաղաղությունն ու հաշտեցումը»,- շարունակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Հարցին, թե մտադի՞ր է արդյոք քննարկել այս հարցը Ադրբեջանի ղեկավարության հետ` Բաքու կատարելիք այցի ընթացքում, Ռասմուսենը արձագանքել է. «Ես բարձրացնելու եմ այս հարցը Բաքվում և փոխանցելու եմ այս շատ հստակ ուղերձը»:

Տեսանյութեր

Լրահոս