Բաժիններ՝

Ստացա ձեր կողմից «մխիթարական նվեր»` մեջքիս հարվածի տեսքով, սակայն շնչելուս չափ պայքարելու եմ. Հայկ Այվազյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել վարչապետի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ապրիլի 1-ին տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդդեմ վարչապետի:

«Հարգելի պարոն վարչապետ, Շնորհակալություն… Շնորհակալություն 2019 թվականն իմ կյանքում անմոռանալի դարձնելու համար։ Շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գեթ մի պահ կասկածել, որ ընտանիքիս` սերունդներով ձգվող պայքարը, զրկանքներն ու տված զոհերը հանուն հայրենիքի անիմաստ և անարժեք էին, որ հայրենիքիս համար չարժեր պայքարել և կորցնել ամենաթանկը (ամաչում եմ, որ վայրկյան անգամ նման միտք եմ ունեցել)։

Իմացեք՝ շնչելուս չափ պայքարելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը։ Այդ իսկ պահին ցավակցական հեռագրի փոխարեն ստացա ձեր կողմից մի «մխիթարական նվեր»` մեջքիս հարվածի տեսքով (այդպիսի նվեր ես երբեք չեմ ստացել, կեցցե՛ք, նվերներ մատուցելու գործում դուք նույնպես աննախադեպ եք):

Ափսոս, որ ստիպեցիք ինձ ամանորյա բարեմաղթանքների փոխարեն մաղթել խոհեմություն՝ երկիրը հին աղբից մաքրելու համար, խիզախություն՝ երկիրը նոր աղբից մաքրելու համար, քաջ առողջություն՝ պատասխանատվություն կրելու ձեր արածների և չարածների համար։ Սա էլ իմ փոքրիկ պատասխան նվերը ձեզ՝ ընդամենը վերաքննիչ բողոք։ Կհանդիպենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայկ Այվազյանը վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր ապրիլի 1-ին: Ավելի ուշ Այվազյանը Վարչական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի, ՀՀ վարչապետի աշխատակազմի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 27-ին մերժել էր հայցն ընդդեմ վարչապետի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս