ԵՄ. «Ադրբեջանի վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը»

Եվրամիությունը բացատրություններ է պահանջում Ադրբեջանից՝ փաստելով, որ պաշտոնական Բաքուն խախտել է Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, և որ այդ վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։
«Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ստացվում է, որ որոշակի պայմաններ ու պարտավորություններ, որոնք համաձայնեցվել էին Հունգարիայի և Ադրբեջանի միջև՝ Սաֆարովի արտահանձնման շուրջ, ի կատար չեն ածվել։ Եվ դա նկատի առնելով, մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, և ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը»,- հայտարարել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։

Ավելի վաղ Եվրամիության արտգործնախարարն ու ընդարձակման հարցերով հանձնակատարը համատեղ հայտարարություն էին տարածել` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այժմ Եվրամիության արտգործնախարարի խոսնակը փաստում է, որ Ադրբեջանը անտեսում է այդ կոչերը։

«Մենք հայտարարել ենք, որ ի սեր տարածաշրջանային կայունության և հաշտեցմանն ուղղված ջանքերի, մենք շատ կուզենայինք տեսնել զսպվածություն՝ տեղում և հրապարակային հայտարարություններում, և սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից»,- ասել է Կոսիյանչիչը։

Հարցին, թե ինչ կարող է անել Եվրամիության արտգործնախարարն այս դեպքում՝ հետաքննությունից բացի, և եթե պարզվի, որ ադրբեջանական կողմը սխալ է թույլ տվել, կարող են արդյոք պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. «Խոսքը պատժամիջոցների մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ենք մենք ուզում տեսնել տարածաշրջանում և ինչ հավակնություններ կան, որոնք, կարծում ենք, բխում են նաև Ադրբեջանի շահերից։ Մենք ունենք մեր հատուկ բանագնացը Կովկասում, տեղում ունենք պատվիրակություններ, հետևում ենք իրավիճակին, և ըստ այդմ կտեսնենք՝ արդյոք կարիք կա՞ հավելյալ քայլերի»։

Եվրամիության արտգործնախարարության պնդմամբ, չի բացառվում, որ այս հարցը կարող է քննարկվել նաև ԵՄ-ի արտգործնախարարների՝ այս շաբաթավերջին Կիպրոսում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս