225 կմ երկարությամբ հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցվել է 147 կմ-ն. Աննա Նաղդալյան 

Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն, ինչի համար նախ պետք է որոշի սահմանները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և պաշտպանի այդ սահմանները:

Այս մասին Վրաստանի ղեկավարը խոսել է, երբ հեռուստաեթերում նրան հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ միջկառավարական հանձնաժողովներն աշխատել են այդ ուղղությամբ և հասել են որոշակի նվաճումների, սակայն հետագայում գործընթացը սառեցվել է:

168.am-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել՝ Հայաստան-Վրաստան արտաքին գերատեսչությունների մակարդակով քննարկումներ եղե՞լ են վերջին շրջանում, Հայաստանն ի՞նչ պահանջներ ունի այս առումով: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը քննարկվում է 1992 թվականից:

«1996թ. մայիս և ապրիլ ամիսներին կողմերը ձևավորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովներ, որոնց առաջին համատեղ նիստը կայացել է 1997 թվականի փետրվարին:

2007 թվականից հետո հանձնաժողովների համատեղ նիստ տեղի չի ունեցել, 2009թ. տեղի է ունեցել հայկական և վրացական հանձնաժողովների մասնագիտական խմբերի հանդիպում։

Հետագայում հարցը շարունակել է քննարկվել Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստերի և երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019թ․ մայիսի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում։

Հաջորդ նիստի անցկացման հարցը գտնվում է կողմերի միջև համաձայնեցման փուլում»,- մանրամասնեց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքների արդյունքում ընդհանուր 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցվել է 147 կմ-ն: Իսկ սահմանի մնացած՝ մոտ 78 կմ երկարությամբ հատվածների համաձայնեցման նպատակով իրավական հիմքի ընդունման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031