«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մի օր մեղադրանք է առաջադրվելու». Հրայր Թովմասյան

«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, ասաց՝ երևի աշխարհում ոչ մի քննիչ չի տեսել շատ պարզ պատճառով: Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մի օր մեղադրանք է առաջադրվելու»,- 168.am-ի հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի  ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվելուց հետո, ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահն ասաց, թե մի օր կխոսի այն մասին, թե ով էր իր նկատմամբ մեղադրանքի հնարավոր առաջադրման մասին զգուշացրել իրեն, ու հավելեց, որ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր:

«ՔՕ 308-րդ  հոդվածի 2-րդ մասով ինձ մեղադրանք առաջադրելն իմ կյանքում ոչ մի բան չի փոխել և չի էլ կարող փոխել: Քննիչի հետ մենք բաժանվեցինք՝ որպես պրոֆեսիոնալներ, և ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ՝ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ  քաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքի մասով հրաժարվել է որևէ ցուցմունք տալ:

«Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին Սահմանադրական դատարանն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո: Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ: Բայց այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը, փառք ու պատիվ իրենց, բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու, բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար»,- ասաց ՍԴ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս