Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի արտգործնախարարին

Սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները սերտ զարգացում են ապրում` մաղթելով բազում նոր ձեռքբերումներ հայ-արգենտինյան բարեկամությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է նաև Արգենտինայի հայ համայնքին` մասնավորապես ընդգծելով, որ այն Սփյուռքի լավագույնս կազմակերպված և հզոր համայնքներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս նախարարի, իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի իշխանություններին` հայ ժողովրդի հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքի համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ցուցաբերվող զորակցության համար:

Իր հերթին, Արգենտինայի արտգործնախարարը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբությանը փոխանցեց Արգենտինայի Հանրապետության նախագահի ողջույնները, ապա անդրադարձավ 2011 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Արգենտինա կատարած հովվապետական այցին: Հեկտոր Մարկոս Թիմերմանն իր խոսքում հույս է հայտնել, որ իր այցելությունը պիտի նպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Խոսելով Արգենտինայի հայ համայնքի մասին` նախարարն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարություն ունի երկրի զարգացման գործում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը առաջընթացի ու բարօրության մեջ պահի Արգենտինային և նրա ժողովրդին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն ու ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

Տեսանյութեր

Լրահոս