Հունգարական արդարադատությունը խորը անկման մեջ է. Սլովակիայի նախկին վարչապետ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի նախկին վարչապետ և արդարադատության նախարար Յան Չառնոգուրսկու կողմից.
«Հունգարիան էքստրադիցիայի ենթարկեց Ադրբեջանի քաղաքացի, ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ուսումնառություն անցնելու ժամանակ Հայաստանի քաղաքացի, հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Ադրբեջան վերադառնալուց հետո Ռամիլ Սաֆարովը անմիջապես ազատ էր արձակվել և ողջունվել ինչպես հերոս: ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայից պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ձեռք է բերել մի քանի միլիարդ ամերիկյան դոլար արժողության հունգարական պետական պարտատոմսեր:
Ընդունելով ի գիտություն այն հանգամանքը, որ Ադրբեջանում հենց սկզբից Ռամիլ Սաֆարովին համարում էին հերոս, Հունգարիայի իշխանությունները կարող էին կանխատեսել նրա ազատ արձակումն Ադրբեջան վերադառնալուց հետո: Այն հանգամանքը, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան գրեթե համընկել է Ադրբեջանի կողմից Հունգարիայի հաշիվներին զգալի գումարի մուտքագրմանը, վկայում է հունգարական արդարադատության խորը անկման մասին:
Կարծում ենք, որ ԵՄ երկրները կտան իրենց գնահատականը կատարվածի շուրջ և Հունգարիայի կառավարությունը հաշվի կառնի տրված գնահատականները ու կգտնի ուղի վերականգնելու իր կողմից կատարված ահավոր սխալը և կշտկի իր սասանված հեղինակությունը»: