«Սա իշխանության սարքած հերթական շինծու գործն է, սրանով որևէ տեղ չեն հասնելու». Աղվան Վարդանյանը՝ Արմեն Թավադյանի ձերբակալության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին հավաքվել էին՝ միմյանց լավ ճանաչելու և հաջորդ քայլերին պատրաստվելու համար։
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի խոսքով՝ Քոչարյանի աջակիցներն այնքան շատ են, որ ոչ բոլորն են իրար ճանաչում, ուստի լավ առիթ է շփվելու և միմյանց ավելի լավ ճանաչելու համար։ Անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը՝ նա նշեց, որ ձերբակալությունները նոր չեն սկսվել, և ամեն օր մի բան լինում է։
«Կարծում եմ՝ սա այս իշխանության կողմից ամոթալի արարք է, բացարձակ անօրինական եղանակներով մարդուն ուղղակի փողոցից վերցնել ու տանել, առանց ծանուցման։ Սա իշխանության սարքած հերթական շինծու գործն է, Արմեն Թավադյանը Քոչարյանի մերձավոր ընկերներից է։ Կան մարդիկ, որոնք կյանքում հսկայական ավանդ ունեն, բայց այդ մասին չեն խոսում։ Հայաստանում շատ քիչ մարդիկ գիտեն, թե ինչ դերակատարություն է ունեցել պարոն Թավադյանը նաև մեր անվտանգությունն ապահովելու և այլ աջակցություն ցուցաբերելու գործում։ Այսօր այս շինծու ու ամոթալի վարքագծով մարդիկ ուղղակի որևէ տեղ չեն հասնելու։ Մեկին կամ տասին թող ձերբակալեն, բայց հո հազարներին չե՞ն ձերբակալելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։
Ըստ նրա՝ իշխանությունը շարունակում է գնալ մի ճանապարհով, որը բացարձակ հեռանկար չունի, ընդհակառակը՝ այն օր օրի թուլացնելու է իրենց իշխանության հիմքերը։
Աղվան Վարդանյանը նաև ընդգծեց, որ Արմեն Թավադյանի ձերբակալությունն ուղղված է նաև նրան պատկանող լրատվամիջոցի դեմ, փորձում են ճնշել այդ լրատվամիջոցին։
«Ցավոք, այս ամենով մենք այսօր վերադառնում ենք 90-ականներ, և այն, ինչ այսօր կատարվում է ազատ խոսքի ու մամուլի հանդեպ, ուղղակի վերադարձ է 90-ական թվականներ։ Մենք գիտենք, թե այդ ամենն ինչով է ավարտվել, սա էլ է այդպես ավարտվելու»,- հավելեց նա։
Նա նաև ընդգծեց, որ Քոչարյանի ազատության համար հավաքված ստորագրություններն օրեցօր ավելանում են։
«Կարող եք հանգիստ լինել, Ռոբերտ Քոչարյանն այն անձը չէ, որին կարող են այս կարգի մեթոդներով զսպել։ Հունվարի սկզբին մեր հանձնախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։