Փրկարար ծառայության տնօրենը բնակչությանը կոչ արեց խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս պահին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով
Դեկտեմբերի 25-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի հիմնական նպատակը ՀՀ-ում առկա հրդեհային իրավիճակի պարզաբանումն էր:
Փրկարար ծառայության տնօրենը մանրամասն ներկայացրեց 2019 թվականին հանրապետությունում արձանագրված հրդեհային ֆոնը՝ հագեցած վիճակագրական տվյալներով և համեմատական վերլուծություններով:
2019 թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ Հանրապետությունում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 12595 ահազանգ, որից 10116-ի դեպքում փրկարար ծառայության կողմից արձանագրվել է հրդեհ:
Համեմատության համար, 2018 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 6542 հրդեհի դեպք, այսինքն՝ 2019 թ.-ին գրանցվել է հրդեհների թվաքանակի աննախադեպ՝ 54.6% աճ կամ նախորդ տարվա համեմատ 3574-ով ավել հրդեհների դեպքեր:
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում գրանցված հրդեհների թվաքանակը (10116) առավելագույնն էր 2003 թ.-ից առ այսօր դիտարկվող վիճակագրությունում:
Հաշվետու ժամանակահատվածում հրդեհների հետևանքով զոհվել է 6, տուժել 63 մարդ (2018 թ.՝ 8 և 25 մարդ): Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 5 մարդու կյանք:
Հրդեհների 10.2%-ը (1036 դեպք) ծագել է բնակելի շինություններում (2018 թ.՝ 13.4%-ը, 875 դեպք), որից մոտ 6.6%-ը (672 դեպք) առանձնատներում, տնամերձ կառույցներում (2018 թ.՝ 8.3%-ը, 545 դեպք):
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրդեհների մեծ մասը բաժին է ընկել բուսածածկ տարածքներին, որը կազմել է հրդեհների ընդհանուր թվի 64.6%-ը:
Հանրապետության անտառներում գրանցվել է հրդեհների բռնկման 57 դեպք (2018 թ.՝ 21 դեպք), որից 15-ը՝ օգոստոս (9-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Վայոց ձորի, 2-ը՝ Տավուշի մարզերում), 10-ը՝ նոյեմբեր (5-ը՝ Տավուշ, 3-ը՝ Լոռի, 1-ական՝ Արագածոտնի և Գեղարքունիքի), 8-ը՝ հոկտեմբեր (7-ը՝ Տավուշի, 1-ը՝ Լոռու), 6-ը՝ փետրվար (5-ը՝ Լոռու և Տավուշի), 5-ը՝ հունվար (4-ը՝ Լոռու և 1-ը՝ Տավուշի) և 8-ը՝ դեկտեմբեր (5-ը՝ Լոռու և 3-ը՝ Տավուշի), 3-ը՝ սեպտեմբեր (1-ական՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի), 1-ական՝ ապրիլ (Գեղարքունիքում) և հուլիս (Սյունիքում) ամիսներին:
Ըստ ամիսների կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ 2018 թ. համեմատությամբ հրդեհների աճ է գրանցվել բոլոր ամսիներին (բացառություն է կազմել միայն սեպտեմբեր ամիսը), իսկ առավելագույն ցուցանիշներով աչքի են ընկել հունիս (1701 դեպք), հուլիս (2098) և օգոստոս (2026) ամիսները, երբ 2018 թ. համեմատությամբ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 1231-ով (մոտ 3.6 անգամ), 621-ով (42%-ով) և 860-ով (73.8%-ով):
2019 թ. հաշվետու ժամանակահատվածում գրանցված հրդեհների 40.3%-ը (4064 դեպք) արձանագրվել է մայրաքաղաքում (2018 թ.՝ 39%-ը, 2552 դեպք):
Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Կոտայքի մարզում (1421 դեպք), որտեղ 2018 թ. համեմատությամբ հրդեհների քանակն աճել է 2.2%-ով: Ընդհանուր առմամբ, 2018 թ. համեմատությամբ մարզերում գրանցվել են հիմնականում աճի միտումներ:
Հաշվետու ժամանակահատվածում հրդեհների ահազանգով ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 16084 ելք, որից 1267-ը՝ կեղծ ահազանգերի, 1621-ը՝ հրդեհի բռնկման սպառնալիքի, 13175-ը՝ հրդեհի դեպքերով:
2019 թ. դեկտեմբերի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 301 հրդեհի դեպք, ինչը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 157-ով (2.1 անգամ): Գրանցված հրդեհներից 29.9%-ը բաժին է ընկել բուսածածկ տարածքների հրդեհներին, ինչից այրվել է շուրջ 2086.6 հա (2018 թ.՝ 50.3 հա) տարածք: Տվյալ ժամանակահատվածում անտառային տարածքներում գրանցվել է 8 դեպք:
Գեներալ-մայոր Գաբրիելյանը փաստեց, որ գլոբալ տաքացման հետևանքով ամբողջ աշխարհում գրանցվում է բուսածածք և անտառածածկ տարածքներում հրդեհների թվի աճ, և միաժամանակ, վիճակագրական տվյալները փաստում են, որ հրդեհների 96 տոկոսը մարդածին գործոններով են պայմանավորված: Վրեժ Գաբիրելյանը նշեց նաև, որ այս պահին փրկարարները հանրապետության մի շարք անտառածածկ և բուսածածկ տարածքներում պայքարում են կրակի դեմ:
Փրկարար ծառայության տնօրենը բնակչությանը կոչ արեց խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս պահին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով: