Գերմանացիների կարծիքով՝ Թրամփն ավելի շատ է սպառնում աշխարհին, քան Կիմ Չեն Ունը
Գերմանիայի քաղաքացիներն աշխարհի համար ավելի մեծ սպառնալիք են համարում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, քան ԿԺԴՀ-ի եւ Իրանի ղեկավարներ Կիմ Չեն Ունին եւ այաթոլլա Ալի Խամենեիին: Այդ մասին վկայում են YouGov ամերիկյան հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները։
Հարցումը, որն անցկացվել է գերմանական DPA լրատվական գործակալության պատվերով, ցույց է տվել, որ գերմանացիների 41 տոկոսը Թրամփին աշխարհի ամենավտանգավոր ղեկավարն է համարում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՉԺՀ-ի, ԿԺԴՀ-ի, Իրանի ղեկավարների թվում:
Այսպես, 17 տոկոսը Կիմ Չեն Ունին է նշել որպես գլխավոր սպառնալիք, 8-ական տոկոսը նշել է Խամենեիին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն դեպքում, երբ 7 տոկոսն ընտրել է ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին: Անցյալ տարվա համանման հարցման արդյունքների համեմատությամբ ձայների բաշխման պատկերը մնացել է գրեթե նույնը, բայց բոլոր ղեկավարների ցուցանիշները նվազել են: Անցյալ տարվա հարցման արդյունքներով՝ Թրամփին գլխավոր սպառնալիք էր համարում հարցվածների 48 տոկոսը, Կիմ Չեն Ունին՝ 21 տոկոսը, Պուտինին՝ 15 տոկոսը: Այդ ժամանակ՝ 2018 թվականի ապրիլին, մասնակիցներին ընտրություն էին տրամադրել այս երեք ղեկավարների միջեւ: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 16-18-ին, դրան մասնակցել է 2024 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: