Էդ Շիրանն ընդհատել է կարիերան
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը, որը, Official Charts-ի վարկածով, տասնամյակի արտիստ է դարձել Մեծ Բրիտանիայում, դադար է վերցրել կարիերայում, որպեսզի հանգստանա երեք տարվա անընդմեջ աշխատանքից հետո եւ իրեն նվիրի ճամփորդություններին, ընթերցանությանն ու ստեղծագործությանը. նա այդ մասին հայտարարել է Instagram-ի իր էջում։
Ինչպես նշել է երաժիշտը, սկսած 2017 թվականից, երբ թողարկվել է նրա «Divide» ալբոմը, ինքն աշխատել է գրեթե առանց ընդմիջման:
«Ուստի այժմ ես պարզապես կարճատեւ դադար կվերցնեմ, որպեսզի ճամփորդեմ, գրեմ ու կարդամ: Ես սոցիալական ցանցերում չեմ լինի այնքան ժամանակ, մինչեւ որ գա վերադառնալու ժամանակը»,-գրել է նա:
Շիրանը չի նշել, թե որքան ժամանակով է ինքը պատրաստվում ընդմիջում վերցնել՝ նշելով միայն՝ «կտեսնվենք, երբ կտեսնվենք»: 28-ամյա երաժիշտն իր երկրպագուներին խոստացել է՝ անպայման վերադառնալ նոր երգերով, երբ ժամանակը գա:
Էդ Շիրանը մեր ժամանակների առավել հաջողակ առեւտրային արտիստներից մեկն է: Առաջին անգամ նա հայտնի է դարձել 2011 թվականին The A Team սինգլի թողարկումից հետո: Դրան հաջորդած ալբոմներն առաջին տեղերն էին զբաղեցնում բրիտանական չարթում, իսկ վերջինը, որը թողարկվել է 2017 թվականին, նաեւ գլխավորել է ամերիկյան չարթը: Ներկայում վաճառվել է ալբոմի ավելի քան 15,5 մլն օրինակ, որը ներառում է Shape Of You, Castle on the Hill, Perfect սինգլները:
2017 թվականի վերջին Էդ Շիրանը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ երաժշտության եւ բարեգործության բնագավառում ներդրած ավանդի համար: Իր կարիերայի ընթացքում նա չորս անգամ դարձել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ստացել է Այվոր Նովելլոյի չորս մրցանակ, Brit Awards-ի հինգ մրցանակ, Billboard Awards-ի վեց մրցանակ եւ բազմաթիվ այլ մրցանակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: